«ԱԱԾ-ն ներխուժեց մեր բնակարան, որտեղ ինչ ունեի՝ օրենքի տառին համապատասխան ստուգեցին: Մի հատ անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են մեր բնակարան»,- այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)՝ անդրադառնալով նախօրեին ԱԱԾ-ի կողմից իրեն բերման ենթարկելուն:
Նա պնդում է՝ ԱԱԾ-ն օրենքի տառին համապատասխան ստուգումներ է անցկացրել. «Այնտեղ կային օրինական միավորներ՝ ատրճանակներ: Շնորհքով ներխուժել են, ոչ մի երեխա նաև չի վախեցել, աղջկաս հարցրել են՝ զենք ունի՞, ասել է՝ այո՛, սեֆի մեջ դրած է: Ես պանիխիդա էի, զանգեցին եկա:
Ես շատ շնորհակալ եմ այս նոր կառույցին՝ ԱԱԾ-ին, նախկինում նման բան չի եղել, վայրագություններ ա եղել էն ժամանակ: Ամեն ինչ յուրահատուկ, տառին համապատասխան արել են, ես օրինականից բացի ինչ ունեցել եմ, տարել- հանձնել եմ իրենց»,- ասաց Մովսիսյանը:
Հարցին՝ ի՞նչ գործի շրջանակներում և ի՞նչ կասկածների հիմքով են հրավիրել ԱԱԾ՝ նախկին պատգամավորը պատասխանեց. «Ես պատերազմի մասնակից եմ: Ես Արցախյան և Ապրիլյան պատերազմից բացի սիրահար եմ զենքի: Հիմա եկել է ժամանակները, որ կարիքը չկա զենք ունենալու, բացի «նագրադնոյ» զենքից: Զենք էլ հետս ման չեմ տվել. ոչ զենք, ոչ վարորդ, ոչ ախռանա, ոչ օգնական»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Առաքել Մովսիսյանի՝ Այգեկ գյուղում գտնվող տանը ԱԱԾ-ն խուզարկություն էր կատարել, ապա վերջինիս տեղափոխել ԱԱԾ։ Արդեն այսօր նրան ազատ են արձակել: