Օրերս Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը ցավով հայտարարել է, որ ֆրանսիական մի քանի խոշոր ընկերություններ, որոնք միջուկային համաձայնությունից հետո սկսել էին գործունեություն ծավալել Իրանում, հնարավոր է չկարողանան այլևս շարունակել իրենց հետագա համագործակցությունն ու դուրս գան իրանական շուկայից։ Պատճառն, ըստ Ֆրանսիայի գլխավոր ֆինանսիստի, իհարկե, ամերիկյան նախատեսվող պատժամիջոցներն են։
Շարունակելով միտքը՝ Բ․ Լը Մերը նշել է, որ գոնե ինքն անձամբ չէր ուզենա, որպեսզի ֆրանսիացի և, ընհանրապես, եվրոպացի գործարարները հրաժարվեին իրանական շուկայից և նրա ընձեռած հնարավորություններից, սակայն ներկայումս դա հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ Եվրոպան չունի անկախաբար գործող ֆինանսական համակարգ։ Բ․ Լը Մերն ընդգծել է, որ իրենց գլխավոր առաջնահերթությունը ներկա փուլում անկախաբար գործող ֆինանսական համակարգի ստեղծումն է, որը Եվրոպային հնարավորոթյուն կտա գործել անկախաբար և խուսափել ԱՄՆ-ի՝ տնտեսական աշխարհի ոստիկան լիելու կարգավիճակից։
Իրանի քաղավիացիայի և ավտոմոբիլային ոլորտի նոր և խստացված պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու ս․թ․ օգոստոսի 6-ից։
Այս ամենն անցկացնելով հայ-իրանական հարաբերությունների պրիզմայով, կարող ենք ասել, որ վերոնշյալն ինչքան էլ իր մեջ որոշակի ռիսկային կետեր պարունակի, այնուամենայնիվ, հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, Իրանի միջազգային մեկուսացման պարագայում Հայաստանը, ճիշտ և հետևողական աշխատանք կատարելու դեպքում, կարող է հանդիսանալ այն եզակի կղզյակը, որից կկարողանան օգտվել իրանցիները, մանավանդ որ, Հայաստանն այս ասպարեզում ունի համապատասխան ներուժ և հնարավորություններ։