Ակնհայտ է, որ արցախյան հիմնախնդիրը 1 լուծում ունի՝ պատերազմ։ Դիվանագիտական ելևէջումներն ընդամենը խնդրի լուծման ձգձգումներ են՝ կողմերի դիրքավորման ու նախապատրաստման համար։ Վերջին 24 տարին վկա։
Անխուսափելիից չպետք է վախենալ։ Ինչպես մահվանից։ Բոլորս էլ գիտենք, որ անմահ չենք ու մի օր մահանալու ենք, բայց դա չի նշանակում, որ ծնված օրվանից պետք է, մահվան երկյուղից ելնելով, չապրենք։ Ընդհակառակը՝ հասկանալով, որ դա բնության օրինաչափություն է ու անխուսափելի, հետևաբար, դեպի այդ օրը տանող ճանապարհն ու ժամանակահատվածը, որը կոչվում է ԿՅԱՆՔ, ճիշտ պետք է տնօրինենք, լավ անուն թողնենք, ստեղծենք, արարենք ու այդ ամեն ձեռքբերումը փոխանցենք մեր ժառանգներին։

Այս բնականոնությունից ելնելով՝ պատերազմի անխուսափելիությունից էլ ևս չպետք է վախենալ։ Ընդհակառակը՝ դիտարկել որպես խնդիրը մեկընդմիշտ լուծելու և այլևս այն հաջորդ սերունդներին ժառանգություն չթողնելու հնարավորություն։ Հետևաբար, ինչպես յուրաքանչյուրս, այնպես էլ քաղաքական ուժերը, պետությունն ու քաղաքացիական հասարակությունը, ինչ քայլեր հիմա ձեռնարկեն, նպատակը մեկը պետք է լինի՝ պատրաստվել ՀԱՂԹԱԿԱՆ ելքի համար։