Թուրքիայի իշխող վարչակարգի կողմից Իսրայելի հետ հարաբերություններում լարվածության բեմականացումը լավագույնս բնութագրել է այդ երկրի նախագահի ընտրություններում ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունից ներկայացված նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն: Դիմելով Էրդողանին՝ նա մեղադրել է Թուրքիայի իշխանություններին Իսրայելի հետ «գաղտնի գործարքների», չընդհատված, շարունակվող տնտեսական հարաբերությունների, թուրքական հասարակությանը ստելու հարցերում:

Ըստ ընդդիմադիր թեկնածուի, չնայած կոշտ, բայց կեղծ հակաիսրայելական քարոզչությանը, Թուրքիայում իշխող կուսակցության ներկայացուցիչները շարունակում են տնտեսական գործունեություն ծավալել Իսրայելում, Անկարան շարունակում է վաճառել նավթ և գնել սերմացու Թել Ավիվից, դպրոցներում տարածվել են իսրայելական ապրանքները չբոյկոտելու ցուցումներ, շարունակում են մուտքի վիզա պահանջել պաղեստինցիներից, իսկ իսրայելցիների համար ապահովել առանց վիզայի ռեժիմ:

Վերոնշյալի համատեքստում, կարելի է փաստել, որ եթե անգամ չկան կուլիսային շփումներ Թուրքիայի և Իսրայելի բարձրագույն ղեկավար շրջանակների միջև, առնվազն Անկարայից գնացող առարակայական ազդակները՝ հատկապես տնտեսական, ռազմավարական հարաբերությունների պահպանման մասով, լավագույնս ընկալվում են Իսրայելում: Դե, թուրք գործընկերներին ոչ միայն հասկանալ, այլև աջակցել է պետք բարդագույն նախընտրական շրջանում: Կանցնի հունիսի 24-ը, ընտրությունները, աստիճանաբար կփոխվի նաև Էրդողանի հռետորաբանությունը: Հետևաբար, կտրուկ հակաքայլերի գնալ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրկին բարձրացնելը որևէ իմաստ այլևս չունի: