Ըստ իրանական լավատեղյակ աղբյուրների՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Երևանի և Բաքվի հանդեպ տրամադրություններն այդքան էլ միանշանակորեն համապատասխանաբար բացասական և դրական չեն թե՛ հասարակ բնակչության և թե՛ նույնիսկ տեղական հասարակական-քաղաքական վերնախավի շրջանակներում։
Բանն այն է, որ այստեղ ավանդաբար գոյություն ունեցող կենտրոնախույս նկրտումները, որոնք, ըստ էության, վերադառնում են դեռևս խանական ժամանակներ, գրեթե մշտապես զսպվել են Բաքվում ուժեղ իշխանության առկայության պայմաններում և միանգամից արտահայտվել այդ իշխանության թուլացման կամ փլուզման դեպքերում։
Ինքնավար այս տարածքը բավական խոցելի է սկսած էթնիկական և ցեղային հյուսվածքով, վերջացրած տնտեսական ու քաղաքական կառավարաման համակարգերով և աշխարհագրական դիրքով, ինչից չօգտվելը, կարծում եմ՝ աններելի շռայլություն կլինի Հայաստանի Հանրապետության համար՝ հաշվի առնելով մեր առջև ծառացած անվտանգային մարտահրավերները։
Այս առումով, ըստ իս, պետք է ներկա փուլում կտրականապես հրաժարվել, պատկերավոր ասած, «Նախիջևանն արյան ծով դարձնելու» մոտեցումներից, այս պահին դրանց ակնհայտ ուտոպիստական բնույթից ելնելով և ինքանավար հանրապետության հանդեպ ակտիվորեն սկսել վարել սեպարատ փափուկ ուժի և ձեռնտու առաջարկների բազմաբաղադրիչ ակտիվ քաղաքականություն։