2015թ. ապրիլին ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտորն էի։ Պատվիրակությամբ այցելել էինք Ստեփանակերտ՝ Արցախի Դատական իշխանության ու Դատախազության պատասխանատուների հետ համաձայնեցնելու ու կազմակերպելու այդ կառույցների աշխատակիցների կանոնավոր վերապատրաստումները, ինչպես նաև Արցախի դատավորի ու դատախազի թեկնածուների ուսուցումը Արդարադատության ակադեմիայում։ Այցելեցինք նաև ԱրՊՀ՝ ուսանողների համար քրեական դատավարության արդի հարցերով դասախոսություն կարդալու (ես մի քիչ մասնագետ եմ այդ ոլորտում)։ Երբ ԱրՊՀ ռեկտորի ուղեկցությամբ մտանք դահլիճ, նկատեցի, որ ուսանողների ու դասախոսների հետ մեկտեղ եկել էին նաև միջին տարիքի երկու համազգեստավոր մարդիկ։ Կարճ դասախոսությունը սահուն վերաճեց ակտիվ մասնագիտական քննարկման, իսկ համազգեստավոր գործընկերները, որոնց բոլոր ներկաները ակնհայտ հարգանքով էին վերաբերում, ոչ միայն հետաքրքիր հարցադրումներ էին կատարում, այլև ցույց էին տալիս խորը տեսական ու գործնական պատրաստություն։ Քննարկման վերջում պարզվեց ոստիկանության քննչական վարչության պետն է և նրա տեղակալը (Արցախում քննչական կառույցը շարունակում է մնալ ոստիկանության կազմում)։ Իմացել էին, որ մասնագիտական միջոցառում է լինելու ԱրՊՀ-ում, եկել էին մասնակցելու։
Այդ օրից ճանաչում ու խորապես հարգում եմ գնդապետ Իգոր Գրիգորյանին, ով հունիսի 6-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ոստիկանության պետ։
Գնդապետ Գրիգորյանին ջերմորեն շնորհավորում և հաջողություն եմ մաղթում նոր գերծանր ու գերպատասխանատու աշխատանքում։
Ջերմորեն շնորհավորում և հաջողություն եմ մաղթում նաև ԱՀ նորանշանակ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին, ԱԱԾ տնօրեն գնդապետ Սամվել Շահրամանյանին, Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանին։