ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հորդորել է բժիշկներին օգնել իրեն վերջ տալ մի շատ կոնկրետ արատավոր ու հանցավոր երևույթի, որը դեռ առկա է մեր երկրի որոշ բուժհիմնարկներում:
Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե վերջին շրջանում ստանում է անանուն ահազանգեր, որ որոշ բուժհիմնարկների տնօրեններ (կամ նրանց հանձնարարությամբ տեղակալներ և բաժնի վարիչներ) գումար են շորթում բժիշկներից կա՛մ ամսական կոնկրետ «նալոգ» դնելու, կա՛մ բժիշկների առանց այն էլ ցածր աշխատավարձը հետ պահանջելու միջոցով: «Խնդրում եմ ձեզ, նման դեպքում նամակ գրել [email protected] հասցեով, բայց միևնույն ժամանակ խիզախություն և համարձակություն ունենալ տալ թե՛ ձեր, թե՛ նման քայլերի դիմողների անունները: Հակառակ պարագայում մենք և մեր իրավապահ մարմիններն անզոր կլինենք ձեզ օգնելու հարցում: Նման անձինք դեռ չեն գիտակցում, որ Հայաստանը փոխվել է, և այդ արատավոր բարքերը տեղ չունեն նոր Հայաստանում: Ձեր օգնությամբ մենք «կհասկացնենք» նրանց դա: Մի վախեցե՛ք, խոսե՛ք: Մենք ձեր կողքին ենք»,-գրել է նախարարը: