Վիեննական համակարգի առանցքը համարվում է Վիեննայի կոնգրեսը, քանի որ այն հիմք դրեց այս համակարգի ձևավորմանը: Հետնապոլեոնյան Եվրոպայի քաղաքական հարցերը կարգավորելու անհրաժեշտությունը պահանջ առաջադրեց միջազգային կոնգրես հրավիրելու Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:

Վիեննայի կոնգրեսը բավականին ներկայացուցչական էր, այնտեղ ժամանել էին երկու կայսր, չորս թագավոր, երկու թագաժառանգ, երեք մեծ դքսուհիներ, 215 իշխանական տների ներկայացուցիչներ և շուրջ 450 դիվանագետ և պաշտոնյա: Պետության ղեկավարների և դիվանագիտական ներկայացուցիչների հետ միասին Վիեննա էին ժամանել նաև նրանց կանայք, բարեկամները, վաճառականներ, բանկիրներ, նկարիչներ, բանաստեղծներ և այլք: Շատերի համար գրավիչ էր եղել այն հանգամանքը, որ հնարավորություն էին ունենալու իրենց աչքերով տեսնել մի վայրում հավաքված այդքան մեծաքանակ ներկայացուցչություն: Կոնգրեսը հետաքրքիր էր նաև նրանով, որ այնտեղ մեծ դեր են խաղացել ոչ պաշտոնական հանդիպումները, թատերական ներկայացումները, պարահանդեսները, որոնց միջոցով էլ Վիեննայի կոնգրեսը բավականին ճանաչում է ստացել: Ժամանակակիցներն այս կոնգրեսը կեսկատակ անվանում են ‹‹պարող››: Վիեննայի կոնգրեսի կարևորագույն խնդիրներն էին Ֆրանսիական մեծ հեղափոխությամբ և Նապոլեոնյան պատերազմների ժամանակ վերացված ֆեոդալամիապետական կարգերի վերականգնումը, մի շարք տապալված դինաստիաների վերահաստատումը, պայքարը ազգային-ազատագրական և հեղափոխական շարժումների դեմ, դաշնակից պետությունների հաղթանակի ամրապնդումը, Եվրոպան Ֆրանսիայի նոր զավթողական պատերազմներից ապահովագրելու ամուր երաշխիքների ստեղծումը, հաղթողների տարածքային հավակնությունների բավարարումը և Եվրոպայում նոր պետական սահմանների հաստատումը:

Կոնգրեսի մասնակիցները հավանության արժանացրին Ավստրիայի կանցլեռ Մետերնիխի առաջարկը ‹‹Գերմանական միություն›› ստեղծելու մասին: Դրա կազմի մեջ էին մտնելու 38 գերմանական պետություններ, այդ թվում նաև Ավստրիան և Պրուսիան: Այս սեյմում նախագահելու էին Ավստրիայի ներկայացուցիչները, և ձայներն այնպես էր բաշխվել, որ վերջնական որոշում կայացնողն Ավստրիան էր: Փաստորեն Ավստրիան ավելի մեծ ազդեցություն ուներ, և սա հետագայում չէր կարող չառաջացնել խնդիրներ այս երկու պետությունների միջև առաջատար դերը զբաղեցնելու համար: Գերմանիան կրկին հայտնվեց, Էնգելսի խոսքերով, այն ‹‹Հավատարիմ ծառայող տաշտի›› առջև, որի արևմտյան կեսն արդեն ոչնչացված էր Նապոլեոնի կողմից ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Առանձին հոդվածներով կարգավորվեց նաև խոսքի ազատության սկզբունքը:

Վիեննայի կոնգրեսի ‹‹եզրափակիչ ակտը››՝ բաղկացած 121 հոդվածից և 17 հավելվածից, ստորագրվեց 1815թ. հուլիսի 15-ին ութ պետության ներկայացուցիչների՝ Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Պրուսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Շվեդիայի կողմից: Այդ փաստաթուղթը, որի հիմքում ընկած էր Ֆրանսիայի արտգործնախարար Թալեյրանի կողմից առաջ քաշված լեգիտիմության սկզբունքը, եզրափակեց Եվրոպայում 25 տարի տևող պատերազմների շրջանը և արտացոլեց Եվրոպայում ձևավորված քաղաքական իրադրությունը:

Այսպիսով, Վիեննայի կոնգրեսի արդյունքում Եվրոպայի քաղաքական քարտեզը ձևափոխվեց.

Ֆրասիան զրկվեց իր բոլոր նվաճումներից:
Բելգիան և Հոլանդիան միավորվեցին՝ կազմելով Նիդերլանդական թագավորությունը, որին հետագայում միացավ Լյուքսեմբուրգը:
Մասնակից պետությունները երաշխավորեցին Շվեցարիայի չեզոքությունը:
Ավստրիան ստացավ Վենետիկը, Լոմբարդիան և այլ Իտալական դքսություններ:
Պրուսիային անցավ միայն հյուսիսային Սաքսոնիան, ինչպես նաև Պոզնանը և Րյուգեն կղզին:
Նորվեգիան անցավ Շվեդիային:
Անգլիան տիրացավ Իոնյան կղզիներին, Մալթային և Հոլանդիայի գաղութներին Ասիայում:
Ռուսաստանին բաժին ընկավ Վարշավայի հերցոգության մեծ մասը:
Իսպանիայում վերականգնվեց Բուրբոնների դինաստիան:
Անցում կատարենք մի պահ Վեստֆալյան համակարգին. դիվանագիտական էթիկետը հիմնված էր ֆեոդալական կոչումների և դինաստիաների ավանդական ձևերի վրա: Եվրոպական միապետների շարքում ամենաբարձրը համարվում էր Սրբազան Հռոմեական կայսրության կայսրը: Բայց այս կոչումը գործածությունից դուրս եկավ այն ժամանակ, երբ կայսրությունը վերացվեց Նապոլեոնի կողմից: Երկար ժամանակ՝ մինչև Վիեննայի կոնգրեսը, միջազգային հարաբերությունների բնութագիրը սահմանվում էր արդեն ոչ թե տիրակալների կոչումներով կամ դինաստիաների հնությամբ և ազնվականությամբ, այլ նրանց իրական քաղաքական, ֆինանսական և ռազմական իշխանությամբ:

Վիեննայի կոնգրեսում ընդունված փաստաթղթերի շարքում հատուկ տեղ է զբաղեցնում 1815թ. մարտի 9-ին ստորագրված ‹‹Դրույթներ դիվանագիտական ներկայացուցիչների կարգերի մասին›› ակտը: Այս փաստաթղթի վրա մասնագետներն աշխատել են 2 ամիս: Այս որոշումը վերջ դրեց ավագության հետ կապված անվերջ վեճերին և կոնֆլիկտներին: Որոշվեց բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներին բաժանել երեք դասի կամ կարգի:

Դեսպան, պապական լեգատ և նունցիա
Դեսպանորդ
Ժամանակավոր հավատարմատար
1818թ.-ին այս երեք կարգերին ավելացավ նախարար-րեզիդենտ աստիճանը, որի լիազորությունները գտնվում են պատվիրակի և ժամանակավոր հավատարմատարի միջև: Երկար տարիներ դիվանագիտական պրակտիկայում այս կարգերն օգտագործվել են որպես միջազգային իրավունքի նորմեր: Այս նորմերին հավատարիմ էին նույնիսկ այն պետությունները, որոնք պաշտոնապես չեն միացել այս ակտին:

Դեսպանները և դեսպանորդները հավատարմագրվում էին պետության ղեկավարի, իսկ ժամանակավոր հավատարմատարները նստավայր երկրի արտգործնախարարի կողմից: Եվ պետությունը ներկայացնում է դիվանագետը, ոչ թե միապետը: Աշխարհի քաղաքականությունը կենտրոնացած էր Եվրոպայում և իրենց դեսպանները ստեղծում են ալյանսներ՝ գերպետությունների միջև հավասարակշռությունը պահպանելու համար: Պարզաբանվում են դիվանագիտական պարտավորությունները, և հաստատվում է, որ միայն դիվանագիտական գործակալներն ունեն ներկայացուցչական բնույթ:

Վիեննայում արձանագրվեց նաև պետությունների անհավասարությունը: Դրանք բաժանվեցին՝

պետությունների, որոնք ունեն շահերի մեծ շրջանակ (միայն այս պետությունները կարող էին փոխանակվել դիվանագիտական ներկայացուցիչներով՝ դեսպանի աստիճանում) առաջին հերթին՝ Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Պրուսիա, Ավստրիա և Ֆրանսիա,
պետությունների, որոնք ունեն սահմանափակ շահերի շրջանակ (կարող էին փոխանակել դեսպանորդներ և ժամանակավոր հավատարմատարներ), նրանց ավելացան նաև հերցոգությունը, դքսությունը և 2 հանրապետություն՝ Շվեցարիան և Հյուսիս-ամերիկյան Միացյալ Նահանգները,
Իտալիայի թագավորություն, Գերմանիայի կայսրություն, ԱՄՆ, Ճապոնիա և այլն:
Այստեղ առաջին անգամ ձևավորվեց ‹‹մեծ տերություններ›› տերմինը, որը գերմանական գրականության մեջ ընդունվեց ‹‹համաշխարհային տերություններ›› (Weltmacht): Քննարկվեց նաև այն հարցը, որ գործնականում օգտագործվեն պայմանագրերի կնքման այբբենական սկզբունքը: Սակայն կոնգրեսի ժամանակ էլ խախտվեց այն, քանի որ հաղթող պետությունները պնդեցին, որ պայմանագրերը կնքվեն անկախ այն տառի դիրքից, որով սկսվում է պետության անունը:

Չանցած 5 տարի՝ հեղափոխական շարժը նորից բռնկվեց Եվրոպայի տարբեր մասերում՝ միջազգային հարաբերությունների համակարգում հարցականի տակ դնելով Վիեննայի կոնգրեսի գոյությունը: Այն շատ անկայուն էր, և դա շատ լավ էին հասկանում վեհաժողովի մասնակիցները: Իրականում միջազգային քաղաքականության ուղղությունը կենտրոնացած էր Ռուսաստանի, Ավստրիայի և Անգլիայի ձեռքում: Ավստրիայի կանցլեռ Մետերնիխը հենց սկզբից գոհ էր վեհաժողովի արդյունքներից: Իսկ Լորդ Քեստլրին Լոնդոն վերադառնալուց առաջ ասաց, որ գոհ կլինի, եթե խաղաղությունը Եվրոպայում պահպանվի գոնե մոտ 7 տարի:

Վիեննայի կոնգրեսի ընդունած որոշումներն արտացոլեցին Եվրոպական պետությունների միջև ձևավորված ուժային փոխհարաբերությունը և ողջ Եվրոպայում վերահաստատեցին նախկին միապետաավատատիրական կարգերը' առաջացնելով լուրջ հակասություններ Եվրոպական պետությունների փոխհարաբերություններում:

Վիեննայի կոնգրեսում ընդունված որոշումները երաշխավորելու նպատակով Ալեքսանդր I-ն առաջ քաշեց Սրբազան դաշինքի ստեղծման գաղափարը: Արդյունքում ձևավորվեց յուրահատուկ դաշինք: Այն ամրագրվեց 1815թ. սեպտեմբերի 26-ին Ալեքսանդր I-ի, Ֆրանց I-ի և Ֆրիդրիխ III-ի կողմից համատեղ ստորագրված քրիստոնեական փոխօգնության մասին ուղերձում: Այս դաշինքը պետք է պատնեշի դեր ստանձներ ազգային-ազատագրական և հեղափոխական շարժումների ճանապարհին, իսկ մյուս կողմից քաղաքական երաշխիքներ ապահովեր գոյություն ունեցող սահմանների ու կարգերի համար:

Սրբազան դաշինքի պայմանագրի 3-րդ հոդվածով՝ այն պետությունները, որոնք ընդունում են դաշինքի օրենքները, կարող էին անդամագրվել կառույցին: Եվրոպական մայրցամաքի գրեթե բոլոր միապետությունները դաշինքի անդամ էին, բացառությամբ Հռոմի Պապի և թուրք սուլթանի: Սրբազան դաշինքի գոյության շրջանում նրա աշխատանքները համակարգելու նպատակով չորս միջազգային կոնգրես գումարվեց. Աաhենում, Տրոպայում, Լայբախում և Վերոնայում:

1818 թվականին Աահենի կոգրեսում որոշում ընդունվեց, որ Ֆրանսիան միանա հաղթող չորս պետություններին: Երկարաձիգ բանակցություններից հետո Ռուսաստանի, Ավստրիայի, Անգլիայի և Պրուսիայի ներկայացուցիչները 1818թ. նոյեմբերի 1-ին ստորագրեցին ռազմական կոնվենցիա Ֆրանսիայում կարգ ու կանոն պահպանելու նպատակով: Սկսած Վիեննայի կոնգրեսի տարիներից՝ մասնակից երկրների դիվանագետները լայնորեն օգտագործեցին մամուլը՝ քարոզելով և պնդելով իրենց երկրի տեսակետը: Հենց Աահենի կոնգրեսը դարձավ առաջին միջազգային ֆորումը, որը լայնորեն լուսաբանվել է մամուլում: Կառավարությունը խթանում էր օրենսդրական ժողովների ժամանակ դիվանագիտական ներկայացուցիչների և պատգամավորների շփումը: Օրինակ, Լոնդոնում Ռուսաստանի դեսպան իշխան Լևինը Պետերբուրգից հրահանգներ ստացավ առ այն, թե ինչպես անցկացնել աշխատանքներն անգլիական խորհրդարանական ընդդիմության և լրագրողների շրջանում:

Սրբազան դաշինքի գործունեության շրջանում ձևավորվեց ‹‹Եվրոպական համերգը››: Պետությունները պետք է գործեին համատեղ ցանկացած ճգնաժամ լուծելու համար: Պետության ղեկավարները կամ նրանց արտգործնախարարները ժամանակ առ ժամանակ հանդիպում էին, որպեսզի համակարգեին իրենց քաղաքականությունը միապետական կարգերը պահպանելու ուղղությամբ: ‹‹Եվրոպական համերգի›› բանաձևն ապահովեց որոշակի ռազմավարական հավասարակշռություն: Եվրոպական մեծ տերությունները կապված էին մեկը մյուսի հետ կայունության և խաղաղության կարգավորման համար, որն իր արտացոլումը գտավ ոչ միայն ազնվականության, այլ նաև միջին խավի շրջանում: Այս համակարգը հնարավորություն տվեց ներկայացուցչության ղեկավարի, միապետի, նախարարի, դեսպանի պարբերաբար հանդիպմանը՝ քննարկելու այն հարցերը, որոնք վերաբերում են համաշխարհային քաղաքականությանը: Այն պետությունները, որոնք հիմնվում էին նոր կարգերի վրա, որից էլ կախված էր ‹‹Եվրոպական համերգը››, այս համակարգին տվեցին ոչ պաշտոնական անվանում: Հիմնական երաշխիքը պահպանել խաղաղություն, որոնք դեռևս հին ժամանակներից կարգավորվել են ուժերի հավասարակշռության սկզբունքով:

Ինչպես նախկինում, այս սկզբունքի ջատագովն Անգլիան էր: Մի կողմից՝ նրա կղզային դիրքը, մյուս կողմից՝ լայն գաղութային կայսրությունը՝ սփռված ամբողջ աշխարհով, զրկում էր նրան այլ ազդեցիկ երկրների ռազմական և նավատորմային ուժերը պահել մարտական պատրաստ վիճակում:

Այս կապակցությամբ Ֆրիդրիխ Մեծը գրել է. ‹‹Երբ Եվրոպայի զգուշավոր քաղաքագետները տեսադաշտից կորցնում են մեծ պետությունների ուժային հավասարակշռության պահպանումը, այն ազդում է ամբողջ քաղաքական համակարգի վրա››:

Եվրոպա աշխարհամասի երկրներն ակտիվ կիրառում են իրենց քաղաքականությունում ուժային հավասարակշռության սկզբունքը, ստեղծում են համապատասխան դիվանագիտական ինստիտուտներ: Դրան նպաստում է վարչական ասպարեզում կրթության արդյունավետ համակարգը՝ կամերալիստիկան, որն արևմտյան երկրների շրջանում ստացավ մեծ կիրառություն: Այն ծառայել է որպես դրական օրինակ Պրուսիայի և Ավստրիայի համար, որտեղ կամերալիստիկան ամուր դիրք զբաղեցրեց: Պաշտոնյաները երկար ծառայության համար ստանում էին կանոնավոր աշխատավարձ: Արևմտյան կիսագնդի երկրներում ուժային հավասարակշռության քաղաքականությունը չի կիրառվել: Ավելի ուշ այս կառույցն իր արտացոլումը գտավ 1823 թ.-ի Մոնրոյի դոկտրինում:

Իսպանիան Հարավային Ամերիկայում իր գաղութները կորցրել էր անվերադարձ: Այս հարմար պահն օգտագործելով՝ Անգլիայի արտգործնախարար Կանինգը 1823 թ. օգոստոսին իր առանձնազրույցում Անգլիայում ԱՄՆ-ի դեսպան Ռաշի հետ բանավոր մի առաջարկություն արեց՝ ‹‹վերբալ նոտա››-ի տեսքով, որը վերաբերում էր գաղութային լուծը թոթափած Հարավային Ամերիկայի նախկին գաղութներին: Սրբազան դաշինքը մտադիր էր օգնել Իսպանիային՝ վերականգնել իր գաղութային տիրապետությունը: Իրականում Սրբազան դաշինքի համար դա սկզբունքային նշանակություն ուներ, քանի որ ազատագրված գաղութներում ԱՄՆ-ի օրինակով հաստատվելու էին հանրապետական վարչակարգեր, ինչը հակադրվում էր միապետական Եվրոպային:

Արդյունքում, ԱՄՆ նախագահ Մոնրոն 1823թ. դեկտեմբերի 2-ին հատուկ ուղերձով դիմում է կոնգրեսին, որը պատմության մեջ հայտնի է Մոնրոյի դոկտրին անվամբ: Մոնրոյի դոկտրինը սկսում էր հայտարարությամբ այն մասին, որ Եվրոպայի և Ամերիկայի քաղաքական համակարգերը ոչ միայն տարբեր են, այլև հակադիր: ԱՄՆ-ն չի հավակնում միջամտել Եվրոպայի գործերին, բայց նաև կտրականապես առարկում է, որ Եվրոպական պետությունները միջամտեն Ամերիկյան մայրցամաքների գործերին: ‹‹Մենք չենք միջամտում և չենք միջամտի գոյություն ունեցող գաղութների գործերին››,-ասում էր նա: Բայց Մոնրոն ԱՄՆ-ին իրավունք էր վերապահում միջամտել ամերիկյան պետությունների գործերին, վերահսկել նրանց հարաբերությունները Եվրոպական պետությունների հետ: Չնայած, որ այս դոկտրինը որոշակի նպատակներ էր հետապնդում, համաձայնենք, որ Մոնրոյի առարկությունը միապետական կարգի դեմ, զուրկ էր իրատեսական լինելուց, քանի որ Բրազիլիայում իշխում էր Մաքսիմիլիանի զինվորական բռնապետությունը, Կանադայում միապետություն էր, որովհետև պետության գլուխն Անգլիայի թագավորն էր: Չհաշված, որ ԱՄՆ-ում փթթում էր ստրկատիրական կարգերը:

Վիեննական համակարգի շրջանակներում դաշինքների փոփոխությունը դարձավ պայմանական քաղաքականություն, սակայն դա ոչ ոքի չէր ցնցում: Լատինական Ամերիկայի անկախության համար մղվող պատերազմների շարքում Վերոնայի կոնգրեսում քննարկվեց նաև հունական ապստամբության հարցը: Այստեղ Ռուսաստանը պաշտպանում էր հույն ապստամբներին ընդդեմ թուրքական բռնապետության: Որպես երկարամյա պայքարի արդյունք՝ ստեղծվեց Առաջին հելլենական հանրապետությունը, որը վերջնական ճանաչում ստացավ 1830 թվականին Լոնդոնի արձանագրությամբ: Մեծ Բրիտանիայի ակտիվությունն այս տարածաշրջանում, Արևելյան հարցի կարևորության ըմբռմամբ, մյուս կողմից' հասարակության ճնշումը հարկադրեց այլ պետությունների փոխել սեփական դիրքորոշումը հունական հարցի վերաբերյալ: Ալեքսանդր I նույնպես ակտիվացրեց իր գործողությունները՝ անհանգստանալով Հունաստանում անգլիացիների իշխանության ամրապնդմամբ:

Շուտով' 1826 թ. մարտի 23-ին, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան ստորագրեցին համատեղ գործողությունների արձանագրություն հունական հարցի վերաբերյալ: Դրան հաջորդեց 1827թ. հունիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիաի կողմից Լոնդոնում ստորագրված համապատասխան կոնվենցիան: Կոնվեցիայի առաջին հոդվածի համաձայն' պետություններն առաջարկում են Օսմանյան կայսրությանն իրենց միջնորդությունը հաշտեցնելու վերջիններիս հույների հետ: Սակայն սուլթանը, հաշվի չառնելով այս կոնվենցիան, սկսեց պատերազմ ‹‹անհավատների›› դեմ, ապա Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան 1827 թ. նոյեմբերի 12-ին ստորագրեցին ‹‹անշահախնդրության արձանագրություն››, համաձայն որի՝ պարտավորվում են պահպանել Լոնդոնի կոնվենցիայի պայմաններն առաջիկա պատերազմում:

1829թ. սեպտեմբերի 2-ին (14) Ադրիանապոլսում կնքվեց ռուս-թուրքական խաղաղության պայմանագիր: Թուրքիան ճանաչեց Ռուսաստանի քաղաքացիների ազատ առևտրի իրավունքը և բացեց Սեևծովյան նեղուցը ռուս և օտարերկրյա առևտրային նավերի ազատ ել ու մուտի համար: 1830թ. փետրվարին Լոնդոնի կոնֆերանսի որոշման համաձայն՝ երեք պետությունները ճանաչեցին Հունաստանը որպես անկախ պետություն՝ միապետական վարչաձևով:

Առաջին թագավորը դարձավ 17-ամյա իշխան Օտտոն Վիտտելսբախը՝ Բավարիայի թագավորական տան ներկայացուցիչը: Ազատագրման համար մղվող պատերազմների շրջանում լեգիտիմ կարգը լուրջ տատանվում էր:

Աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջացան նոր անկախ պետություններ: Սրբազան դաշինքին հաջողվեց ճնշել հեղափոխությունը և հեղափոխական շարժը Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում: Ազդեցիկ պետությունները կարողացան գտնել փոխզիջում արևելյան գործերում: Անկախ նրանից, որ ճնշվեցին հեղափոխությունները, դա մեծ հարված էր լեգիտիմ կարգին և ամբողջ Միջազգային հարաբերությունների Վիեննական համակարգին: Այս անգամ նորից Ֆրանսիան եկավ ասպարեզ: 1830 թ. հուլիսի 26-ին թագավոր Կառլ X վարած քաղաքականությունից դժգոհ փարիզեցիներն ապստամբություն բարձրացրին: Հուլիսյան հեղափոխությունը Եվրոպական մայրցամաքի միապետների մոտ մտահոգություն առաջացրեց: Ֆրանսիայի կառավարության ղեկավարն այդ ժամանակ Կազմիր Պիերն էր և այսպես բացատրեց իր դիրքորոշումը. ‹‹Միջազգային եվրոպական իրավունքը պաշտպանում եմ ես: Դուք մտածում եք, որ հեշտ է պահպանել պայմանագրերը և խաղաղությունը, բայց պետք է պահպանել միևնույն ժամանակ Ֆրանսիայի տարածքը: Դրա համար ես պետք է անեի այն, ինչ արել եմ››: Բայց զինված ընդդիմության գաղափարը մոտ ժամանակներն անտեսվեց, քանի որ Փարիզի նոր քաղաքական կարգը միանգամից ընդունվեց Մեծ Բրիտանիայի կողմից: Դրույթ, որը ‹‹եվրոպական համերգի›› այլ երկրները չէին կարող հաշվի չառնել: Որոշ տատանումներից հետո նրանք որոշեցին չխառնվել Ֆրանսիայի ներքին գործերին, պայմանով, որ վերջինիս նոր կառավարությունը ‹‹չի խանգարի այլ եվրոպական երկրների հանգստությունը››: Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Գիզոն նշեց. ‹‹Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը զբաղեցնի իր տեղը. Ավստրիան զբաղեցնի իրենը, մենք էլ մերը կզբաղեցնենք››:

Բոլորին հայտնի էր ֆրանսիացնիների հին պահանջը Հռենոսի ձախ ափի վերաբերյալ: Բոլորը հիշեցին, որ Ֆրանսիան 20 տարի տիրել է այս տարածքում, հեղափոխության ժամանակից: Նրա միջամտությունը Բելգիայի վեճին, կարող էր կրկին Եվրոպայում մեծ պատերազմ առաջացնել: 1831 թ. հունվարին Լոնդոնի կոնֆերանսը ճանաչեց Բելգիայի անկախությունը և հռչակեց վերջինիս մշտական չեզոքությունը՝ երաշխավորված Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից: Սահմանադրական կարգով Բելգիան հայտարարվեց թագավորություն:

Եվրոպական հեղափոխությունների հետևանքով Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Պրուսիայի և Ավստրիայի հզոր միությունը բաժանվեց: Կազմվեց երկու հակադիր պետությունների խումբ: Առաջինը՝ Արևելյան Եվրոպայի պահպանողական միապետություններն էին՝ ռուսական, պրուսական և ավստրիական: Նրանք 1833թ. աշնանը Մյունխենգրեցում և Բեռլինում ստորագրեցին Արևելյան հարցում համաձայնեցված գործողությունների մասին կոնվենցիա: Հակակշիռ պահպանողական միությանը ձևավորվեց Արևմտյան Եվրոպայի ազատասեր պետությունների խումբ: Վերջինիս առանցքը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ‹‹մտերմիկ համաձայնություն››-ն էր (յուրահատուկ սեղմ և վստահելի հարաբերությունների բանաձև): Այս համաձայնությամբ անգլիացիները պարտավորվեցին իրենց դաշնակիցներին ցույց տալ ռազմածովային օգնություն, իսկ ֆրանսիացիներն ‹‹անհրաժեշտության դեպքում›› ուղղարկել որպես օգնություն իրենց զորքերը:

Չնայած քաղաքական և գաղափարական տարաձայնություններին, ինչպես ազատասեր արևմտյան խումբը, այնպես էլ պահպանողականը ձգտում էին խաղաղություն պահպանել: Նրանց անդամներն ունենին հակակշիռ դիրք միջազգային քաղաքականության կարևոր խնդիրներում, որոնցից էր 1830-ական թթ-ին կրկին ասպարեզ եկած Արևելյան հարցը: Այն այս անգամ առնչվում էր թուրքական կայսրության ներքաղաքական խնդիրներին: Կնքվեց պայմանագիր, որն էլ դարձավ ռուս-անգլո-ֆրանսիական հակամարտության սրման պատճառներից մեկը, որից հետո Ռուսաստանը սկսեց մերձեցման եզրեր փնտրել Պրուսիայի և Ավստրիայի հետ:

Մի պահ անդրադառնանք ‹‹Եվրոպական համերգին››, որն ուներ ակնհայտ առավելություններ: Այն հնարավորություն տվեց եվրոպական երկրներին ոչ միայն բուժել հեղափոխական և նապոլեոնյան դարաշրջանից մնացած վերքերը, այլ նաև հավաքել ուժերը: Բայց այն որոշ երկրների կողմից չընդունվեց: Օրինակ, ֆրանսիացի լիբերալները և դեմոկրատները դատապարտեցին այս համակարգը՝ համարելով այն գործիք Սրբազան դաշինքի ռեակցիոն քաղաքականությանը Ֆրանսիային ենթարկեցնելու համար: Քննադատելով ‹‹Եվրոպական համերգը›› և լեգիտիմ կարգը՝ հասարակությունը համոզված էր նրանում, որ Վիեննական համակարգի այս երկու սկզբունքներն իրականում ենթակա են միապետների հետապնդած դինաստիական շահերին:

1848-1849-թթ. Եվրոպական հեղափոխություններից խորապես ցնցվեց Վիեննական լեգիտիմ կարգը: Այն ընդգրկեց միանգամից մի քանի պետություններ՝ Իտալիա, Ֆրանսիա, Պրուսիա, Ավստրիա և Գերմանական Միության այլ երկրներին: Այն վկայակոչեց տնտեսական, քաղաքական և մշակութային սերտ կապերը եվրոպական երկրների միջև: Նույնիսկ Ֆրանսիայի նման անկախ և ինքնիշխան երկրում հասարակությունն ակտիվորեն հայտնեց իր դժգոհությունը լեգիտիմ կարգի վերաբերյալ: Ֆրանսիացիները գտնում էին, որ այն հակասում է իրենց երկրի ազգային շահերին, քանի որ պարտավորեցնում է արտաքին քաղաքականությունը վարել ռեակցիոն միապետությունների ձևով, ինչպես Ավստրիան, Պրուսիան և Ռուսաստանը: Եվրոպական հեղափոխություններից հետո բոլոր երկրները սկսեցին նոր աշխարհի կառուցումը: Ստեղծվում էին կամավոր միություններ, որոնց նպատակն էր աջակցել մեկը մյուսին:

Արև Սոխակյան