Վաշինգթոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի միջև կայացած բանակցությունների արդյունքում, կարծես, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Սիրիայի հյուսիսում՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ հիմնականում քրդական խմբավորումներից կազմված «Սիրիական ժողովրդավարական ուժերի» կողմից վերահսկվող Մանբիջ քաղաքի ճակատագրի վերաբերյալ. հենց այս և քրդերի կողմից վերահսկվող Սիրիայի մյուս շրջանների հարցն է եղել սիրիական հակամարտության շրջանակներում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունների հիմնական թեման:
Հատկանշական է, որ Մանբիջի խնդրի կարգավորման ամերիկա-թուրքական ճանապարհային քարտեզը կարող է կիրառելի լինել կամ գուցե որոշակի լուծումներ առաջարկել Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում ևս առկա նույնաբովանդակ խնդիրների համար՝ ի դեպ, հնարավոր է նաև Պարսից ծոցի արաբական միապետությունների մասնակցությամբ:
Վերոնշյալը, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում ընթացող մի շարք այլ կարևոր գործընթացները հիմք ընդունելով՝ կարելի է կանխատեսել, որ սիրիական հակամարտության շրջանակներում մեծ է հավանականությունը նոր հակամարտային զարգացումների, որոնց առանցքը լինելու է հատկապես տարածաշրջանային դերակատարների միջև շահերի լուրջ բախումը: