Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում խոսեց համակարգում կատարվող փոփոխությունների մասին:
Նա նշեց՝ որևէ վենդետա չկա, նպատակաուղղված գործողությունները աշխատանքի էֆեկտիվությունը բարձրացնելու համար են:
«Մարդիկ կարծում են՝ իրենց զբաղեցրած տեղը, լինի դա բարձրաստիճան պաշտոն կամ ցածր պաշտոն, իրենց սեփականությունն է, և երբ փորձում ես ինչ-որ գործողություն կատարել, օրինակ՝ մարդուն նույնիսկ ավելի բարձր պաշտոնի տանել կամ այլ աշխատանքի խնդրել գնալ կամ ազատել, դա ընկալում են անձնական կյանքի նկատմամբ, սեփականության նկատմամբ ոտնձգություն: Վերջերս երկու դեպք եղավ. մեկը՝ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենին առաջարկել եմ գալ ինձ խորհրդական, ինչը նշանակում էր, որ նա պետք է ազատվեր նախկին պաշտոնից, առաջարկել եմ խորհրդական հիմա, ապագայում ավելի բարձր պաշտոնի անցնելու նպատակով, նույնիսկ՝ փոխնախարար: Նա կարծես համաձայնել էր, սակայն հետո մտափոխվել է»,- ասաց նախարարը:
Նախարարը նշեց նաև՝ պարզվել է, որ անձնակազմը ևս դեմ է. «Անձնակազմը, չուզենալով փոխել ստատուս քվոն, որը որոշների համար առավոտ 10-ին գալ և 3-ին տուն գնալն էր, և անհասկանալի էր, թե ինչով են զբաղվել՝ կազմակերպում են իրարանցում գիտխորհրդի ժամանակ, որտեղ որ պետք է գիտական հարց պետք է քննարկվեր: Նամակ է կազմվում, թե ինչու եք ուզում հանել գործից մեր տնօրենին, այն դեպքում, որ ես ուզում էի պարզապես բերել ինձ մոտ, քանի որ նա պրոֆեսիոնալ է հանրային առողջության հարցում, հետագայում ավելի բարձր պաշտոնի տեղափոխելու համար: Բայց տպավորություն է՝ այդ ինստիտուտը մեկ անձի վրա է հիմնված, դա նշանակում է, որ այդ ինստիտուտում ամեն ինչ սխալ է»,- նշեց Թորոսյանը՝ ընդգծելով, որ փաստացի ստացվում է՝ Ալեքսանդր Բազարչյանը մերժում է խորհրդականի պաշտոնը, հետևաբար, նա շարունակում է մնալ նույն պաշտոնին:
Առողջապահության նախարարն անդրադարձավ նաև երեկ տարածված մեկ այլ բաց նամակի՝ կապված Մարդասիրական օգնության ՊՈԱԿ-ի հետ.«Ժամանակավոր տնօրենը նշանակվել է անարդարացիորեն, քանի որ նախկինը հեռացվել է նախկին իշխանությունների կողմից՝ ստիպողաբար: Հիմա ստացվում է, որ նախկինին պաշտոնում վերականգնումը ժողովրդավարական արժեքների դեմ ոտնձգություն է»: