Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձությունները վերին աստիճանի մտահոգիչ են:

Հայաստանում առկա երկիշխանության պայմաններում Արցախի ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը և տեղի ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունն այս պահին մեր
ընդհանուր անվտանգության համար ծանր սպառնալիքի կարող է վերածվել:

Միևնույն ժամանակ հասկանալի է նաև, որ այդ դիմակայությունը դատարկ տեղում չի առաջացել՝ քաղաքացիները գործող իշխանություններից դժգոհելու առարկայական հիմքեր ունեն: Գտնում եմ, որ մինչև Հայաստանում արտախորհրդական ընտրությունների արդյունքներով նոր կառավարության ձևավորման պահը, Ստեփանակերտում ժողովրդի դժգոհության ալիքի ազդեցությամբ կտրուկ փոփոխություներ կատարելը վտանգավոր է:

Ուժայինների աշխատանքի հանդեպ առկա վերաբերմունքն, իրականում, թերևս, առավելապես հասցեագրված է նախագահ Բակո Սահակյանին:

Ելքը, որը կառաջարկեմ, հավանաբար, դժկամությամբ կընդունվի, բայց խնդրի լուծման իմ տարբերակը սա է՝ պարոն Բակո Սահակյանը պետք է հրապարակավ հայտարարի, որ, նախապես ընդունելով Արցախի կառավարության հրաժարականը, վայր է դնելու իր լիազորություններն այն պահին, երբ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններից հետո կձևավորվի նոր կառավարություն:

 

Մինչ այդ, հավանաբար, անհրաժեշտ կլինի Ստեփանակերտում ձևավորել հասարակություն - իշխանություն կապն ամենօրյա ռեժիմով իրականացնող և ծագող խնդիրների կոլեգիալ օպերատիվ լուծումներ մշակող մարմին: Այս տարբերակը կաշխատի միայն այն պայմանով, որ ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանի կառավարությունը կկարողանա առաջիկա մի քանի օրվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հստակ ժամկետ սահմանել: Լավագույն տարբերակն, ըստ իս, ընթացիկ տարվա նոյեմբերն է:

Բնականաբար, խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն նաև Արցախում, թեև դրա համար, գուցե, անհրաժեշտ կլինի որոշ օրենսդրական փոփոխություններ կատարել»: