Երևանի ավագանում ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը facebook սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին:
ՀՀ ոստիկանապետ պարոն Օսիպյան, օրեր առաջ Շենգավիթի ոստիկանապետին նամակով տեղեկացրել էի այն մասին, որ Արշակունյաց 278 հասցեում գտնվող Վարդանանք ռեստորանի աղմուկն անտանելի է շրջապատի բնակիչների համար, որի պատասխանում Շենգավիթի ոստիկանապաետը հայտնել էր, թե ռեստորանի տերը զգուշացվել է: Երեկ, հունիսի 2-ին աղմուկը կրկնվել է անասելի չափով, բնակիչները ստիպված ուշ երեկոյան՝ ժամը 11.20-ին զանգահարել են ոստիկանություն, որտեղից անմիջապես արձագանքելու ու այդ պահին աղմուկի փաստն արձանագրելու փոխարեն խոստացել են այսօր գնալ: Խնդրում եմ պարզեք, թե Շենգավիթի ոստիկանապետն իսկապե՞ս զգուշացրել է այդ ռեստորանի տիրուհուն՝ տիկին Ռուզաննային, ում վարքագիծը փաստում է, որ դեռևս իր դեմ խաղ չկա: Խնդրում եմ Շենգավիթի ոստիկանապետից պահանջել կատարել իր պարտականությունն
ու նրան փոխանցեք բնակիչների պահանջը՝ Վարդանանց ռեստորանի աղմուկը լինի այնքան, որ բնակիչներն այն այլևս չլսեն ու այն խախտելու դեպքում ռեստորանի գործունեությունը պետք է դրվի կասկածի տակ:
Խնդրում եմ նաև հանձնարարել վարչական շրջանների ոստիկանապետերին վերահսկել գիշերային հրավառությունները, որոնք, եթե չեմ սխալվում, օրենքով արգելվեցին, սակայն դրանք ամենուրեք պարզապես դիվահար են անում բնակիչներին, մասնավորապես ես ապրում եմ Հարավ արևմտյան թաղամասում, որտեղ ամեն գիշեր են հրավառություն անում: