Հետհեղափոխական կամ հեղափոխական ընթացքի Հայաստանում շատ կարևոր է, թե ինչպիսի ուղղություն կորդեգրվի, որպեսզի երկիրն իր արժանի տեղն ու դիրքը գտնի քաղաքակիրթ ու զարգացած ազգերի ընտանիքում:
Գոնե իմ պատկերացմամբ նախևառաջ անհրաժեշտ է հնարավորինս արագ ինվենտարիզացիայի ենթարկել հայկական ողջ ներուժը՝ իր առանձնահատկություններով, ռեսուրսներով և հետապնդած նպատակներով՝ առանցքում դիտարկելով Հայաստանի Հանրապետությունը:
Մենք բացառիկ շանս ենք ձեռք բերել՝ վերախմբագրելու մեր ռազմավարական նպատակներն ու ստեղծելու դրանց հասնելու հնարավոր բոլոր միջոցները:
Մենք կարող ենք քայլել հայկական երազանքի ճանապարհով, բայց դրա համար անհրաժեշտ է, որ հայությունն ու հայկականությունը, օբյեկտիվորեն ունենալով տարբեր աչքեր ու պատկերացումներ, նպատակին հասնելու համար նայի նույն ուղղությամբ…
Այժմ, երբ իշխանության է եկել անկախության սերունդը, պետք է ուժ գտնենք մեր մեջ՝ վերանայելու պետության կառավարման մեր պատկերացումները՝ ելնելով այն համոզմունքից, որ պետությունը, բոլոր դեպքերում, միջոց է ժողովրդի բարեկացությունն ապահովելու համար:
Այս տեսանկյունից անհրաժեշտ է ստեղծել այնպիսի ՛՛Հայկական պետություն՛՛, որը կմարմնավորի ու կապահովի ողջ հայության կենսական շահերն ու խնդիրների լուծումը՝ պայմանով, որ հայությունը նույնպես ՛՛Հայկական պետությանը՛՛ վերաբերի որպես իր ազգային իղձերի իրագործման բացառիկ միջոցը:
Օբյեկտիվորեն մենք չենք կարող Ռուսաստանում ապրող հայերին, Ամերիկայում ապրող հայերին, Եվրոպայում ապրող հայերին, Մերձավոր Արևելքում ապրող հայերին, Վրաստանում և աշխարհի այլ երկրներում ապրող հայերին թողնել լուսանցքից այն կողմ՝ պարփակվելով բացառապես մեր պետական սահմանների շրջանագծում:
Այդ առումով մեր հայրենիքի ՛՛սահմանները՛՛ անսահման են և ընդգրկում են յուրաքանչյուր հայի ընտանիք, անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում:
Մեր խնդիրն է այդ սահմանային թելերը բերել ու կապել Հայաստանի Հանրապետության հետ, որի համար անհրաժեշտ է.
1. Սփյուռքի նախարարությունը դարձնել ամենա-ամենա սուպեր նախարարությունը, որի հիմքի վրա ստեղծել այնպիսի հարթակ, որը կգեներացնի հայկական ներուժը միավորող գաղափարները, որը իմի կբերի հայկական ռեսուրսները և կստեղծի դրանք տեղայնացնելու, իրականանություն դրաձնելու ծրագրեր, որոնց կյանքի կոչումը կապահովվի պետության կողմից:
2. Ամբողջությամբ ու արմատապես վերանայել հայկական կրթական համակարգը՝ մանկապարտեզից մինչև ակադեմիական կրթություն: Ապահովել 21-րդ դարի պահանջներին համահունչ կրթական որակ: Մեզ իրապես ու արդի պահանջներին համահունչ ազգային կրթության ռազմավարություն է պետք, որում պետք է պարզ երևա, թե մանկապարտեզից մինչև ԲՈՒՀ և դրանից հետո ու՞ր է հասնելու անհատը՝ իր մտածողությամբ, արժեհամակարգով, ինտելեկտուալ մակարդակով…:
3. Պահպանելով հանդերձ հայկական ինքնության բոլոր լավագույն հատկանիշները՝ հասարակության զարգացման ամենաիսկական և իրական գաղափարախոսությունը համարել սահմանադրությունը, դառնալ սահմանադրական հասարակություն, իրավունքի գերակայության փիլիսոփայությունը դարձնել պետության և հասարակության զարգացման միակ ու անփոփոխ լեգետիմ գործիքը, որով և կապահովվի մարդու իրավունքների ու ազատությունների հարգման անբեկանելի իդեան:
Իհարկե՛, միայն վերը նշվածով չեն լուծվի հայության և Հայաստանի բոլոր խնդիրները: Խնդիրներ միշտ կան ու կլինեն, քանի կա մարդկությունը: Ամեն մի ժամանակ բերում է իր խնդիրները և լուծման հնարավորությունները:
Յուրաքանչյուր սերնդի առաքելությունն է ճիշտ օգտագործել պատմական այդ շրջանի հնարավորությունները և լուծել այդ շրջանի խնդիրները:
Այդուհանդերձ, եթե գնանք այս ճանապարհով, իմ կարծիքով, կհասնենք հայկական երազանքին՝ կառուցելով թե՛ մեր երազանքի պետությունը, թե՛ մեր ցանկալի հասարակությունը:
Նորայր Նորիկյան