Իրաքի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել չեղարկել մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները 1021 ընտրատեղամասերում (ընդհանուր առմամբ՝ գործել է 53 հազար ընտրատեղամաս): Որոշում է կայացվել վերահաշվարկել քվեների 10%-ը: Եթե գրանցված շեղումները գերազանցեն 25%-ը, ապա անհրաժեշտություն կառաջանա վերահաշվարկելու շուրջ 11 մլն քվե:
ԿԸՀ-ի հայտարարության համաձայն՝ նշված շեղումները գրանցվել են ձեռքով քվեարկության ընթացքում, մինչդեռ էլեկտրոնային քվեարկության տարբերակն ապացուցել է իր արդյունավետությունը:
Հարկ է նշել, որ այս ընտրություններն առանձնանում են նաև ընտրողների մասնակցության բավական ցածր մակարդակով՝ շուրջ 44,5%: Իսկ ավելի վաղ մոտ 24,5 մլն ընտրողներից կազմված ընտրացուցակներում ԿԸՀ-ն հայտնաբերել էր շուրջ 600 հազար «մեռած հոգիներ»:
Իրաքյան ընտրություններում տեղ գտած վերոնշյալ և մի շարք այլ խնդիրների պատճառը նաև երկրում ավելի քան 3 տարի տիրած հակամարտային իրավիճակն էր, որի հետևանքով երկրի մի զգալի հատված վերահսկվում էր տարաբնույթ ահաբեկչական կառույցների, հատկապես ԻՊ-ի կողմից, իսկ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության շրջանը գտնվում էր փաստացի անկախ կարգավիճակում: