Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց կարևոր շեշտադրում արեց՝ կապված վարչաքաղաքական համակարգի շարունակականության և ժառանգականության հետ: Այսինքն ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է Առաջին Հանրապետության և Խորհրդային Հայաստանի վարչաքաղաքական հիմքի վրա: Վարչապետի մատնանշած շղթային պետք է ավելացնել նաև Հայկական մարզը, որը ձևավորվել էր Ռուսական կայսրության տիրապետության շրջանում: Այսինքն գործ ունենք հետևյալ վարչաքաղաքական շարունակական շղթայի հետ։


Հայկական մարզ-Առաջին Հանրապետություն-Խորրդային Հայաստան և Հայաստանի Երրորդ/Չորրորդ Հանրապետություններ: Առանց այս օրգանական կապի դժվար է ասել, թե ներկայումս հայ ժողովուրդն ինչպիսի կարգավիճակում կապրեր այս տարածաշրջանում: Ենթադրում եմ Քրդստանի ռեգիոնալ կառավարության նմանությամբ ինչ-որ չճանաչված միավորում կստեղծվեր, իսկ անվտանգությունը կպահպանվեր անկանոն ու տարերային զինված խմբավորումների միջոցով: 


Ընդհանրապես վարչաքաղաքական շարունակական համակարգը հանրույթի բնականոն գոյության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Հայոց պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ դրա բացակայությամբ կամ էլ աստիճանական ոչնչացման պարագայում ժողովուրդը ոչ միայն չի կարողացել ազատագրական լուրջ պայքար մղել, այլ նաև՝ տարրալուծվել է ընդհանուրի մեջ:


Կարպիս Փաշոյան