Բաց նամակ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մանե Թանդիլյանին:
Հարգելի տիկին Թանդիլյան: Ձեզ եմ դիմում՝ մեծ հույսով, որ կվերականգնեք արդարությունն ու ամեն ինչ կանեք՝ Ձեր ղեկավարած ոլորտում օրենքի գերակայությունը հաստատելու համար: Կարծում եմ՝ արդեն տեղեկացված եք, որ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ենթակայությամբ գործող ԲՍՓՀ-ներն իրենց վստահված գործն անում են՝ առաջնորդվելով ոչ թե օրենքի տառով ու սահմանված չափորոշիչներով, այլ բոլորովին այլ՝ ոչ այնքան օրինական մեթոդներով: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սա Հայաստանում ամենակոռումպացված օղակներից է, և այս հանձնաժողովների գերակշիռ մասը պարզապես զբաղված է առողջական խնդիրներ ունեցող մարդկանց վրա փող աշխատելով: Բացի ընդհանուր խնդրի վրա Ձեր ուշադրությունը հրավիրելուց, ուզում եմ ներկայացնել իմ խնդիրը՝ հույսով, որ կընդառաջեք արդարությունը վերականգնելու հարցում:
Որդիս՝ Նարեկ Հայկի Էվոյանը, 5 տարեկան է: 2 ամսականից հաշվառված է Ալավերդու բժշկական կենտրոնում՝ «Քթի հեմատոմիա» ախտորոշմամբ, անցել է երկարատև դեղորայքային բուժում, որից հետո, 1 տարեկան հասակում, վիրահատվել է:
Այնուհետև որդուս մոտ ախտորոշվել է ևս մեկ հիվանդություն՝ «Ուղեղի լատերալ ճեղքի արախնոիդալ կիստա»:
2013թ.-ի հոկտեմբեր ամսին Երևանի սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում կատարվել է վիրահատություն, որի ժամանակ երեխան շունտավորվել է:
2014թ.-ի փետրվարից նրա մոտ սկսվել են էպինոպաներ:
Երեխան ստացել է համապատասխան բուժում՝ նույն բժշկական կենտրոնում, որից հետո նրան տրվել է հաշմանդամության կարգ:
2015 թվականին երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, իրականացված КТ հետազոտությունից պարզ դարձավ, որ տեղադրված շունտը աշխատում է ոչ բավարար և իրականացվեց կրկնակի վիրահատություն:
Երկրորդ վիրահատությունից հետո երեխայի մոտ, էպինոպաներից բացի, ի հայտ եկավ նաև ացետոնի բարձրացում:
Երեխան այս պահին գտնվում է Ալավերդի ԲԿ-ի, Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի, ինչպես նաև ՌԴ Ռոստով քաղաքի նյարդավիրաբույժի և երկու նյարդաբանների հսկողության տակ:
Ալավերդու ԲԿ-ից մենք կանոնավոր ստանում էինք Apaorin դեղամիջոց:
Երեխայի մոտ չեն դադարում նոպաները: Այս պահին նա կանոնավոր կերպով ընդունում է Depagin Xronosvera 250ml (որը բացակայում է Հայաստանի դեղորայքային բազայում) և Topamax 50ml դեղամիջոցները:
Երեխայի մոտ առկա է մտավոր հետամնացություն և խոսքի հապաղում, նա հետ է մնում իր հասակակիցներից:
Երեխան շնչում է բերանով, քանի որ քթի միջնապատը վնասված է:
2016 թվականին երեխային երկրորդ անգամ տվել են հաշմանդամության կարգ:
2018 թվականին ես երեխայիս հետ վերադարձա ՌԴ-ից (որտեղ նա գտնվում է համապատասխան մասնագետների հսկողության տակ)՝ հաշմանդամության թոշակը վերահաստատելու համար:
1 շաբաթ պառկել և համապատասխան բուժզննում ենք անցել երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում:
Հետազոտությունն արձանագրել է, որ երեխայի մոտ դրական փոփոխություններ չկան, սակայն Տավուշի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հոգեբուժական մասնագիտացված հանձնաժողովը՝ նախագահ Վահե Մխիթարյանի գլխավորությամբ, որոշեց, որ որդիս լիովին առողջ է և զրկեց հաշմանդամության կարգից՝ հաշվի չառնելով մի քանի բժշկի կողմից հաստատված ախտորոշումը:
Նա պատճառաբանեց, որ երեխայի մոտ 4 նոպայի փոխարեն գրանցվել է 3 էպինոպա, որը բավարար պայման չէ հաշմանդամության կարգը վերահաստատելու համար:
Պետք է անպայման նշեմ նաև, որ քննման ժամանակ հանձնաժողովի նախագահը խիստ վիրավորական և հեգնական տոնով էր վերաբերվում ինձ և երեխայիս՝ ասելով. «Տղա ջան, բերանդ փակի, ճանճ կմտնի», այն դեպքում, երբ լավ տեղյակ է, որ երեխան խնդիր ունի, և չի կարողանում շնչել քթով:
Քանի որ երեխայիս դեղորայքը, որը Հայաստանում չկա (Depagin Xronosvera 250ml) արդեն վերջանում էր, ես վտանգի չենթարկելով նրա առողջությունն ու կյանքը՝ վերադարձա ՌԴ, այդպես էլ չկարողանալով վերահաստատել հաշմանդամության կարգը:
Նշեմ նաև, որ Վահե Մխիթարյանը մեզ հայտնեց, որ տղայիս հաշմանդամության կարգը կարող եմ վերականգնել ՌԴ-ում, քանի որ կան պայմանագրեր և պայմանավորվածություններ, որոնք թույլ են տալիս ՀՀ քաղաքացուն՝ վերականգնել հաշմանդամության կարգը և դրա համար տրամադրվող թոշակը ՌԴ-ում: ՌԴ-ում դիմել եմ տարբեր ատյաններ, որտեղ ինձ մերժել են՝ ասելով, որ նման պայմանագրի մասին տեղեկություն չունեն: Երեխաս ՌԴ-ում այցելում է մանկապարտեզի հատուկ կարիքավոր երեխաների բաժին, այս պահին նույնիսկ կասկածի տակ է նրա հետագա հաճախումները մանկապարտեզ, քանի որ առողջական վիճակի պատճառով հատուկ խնամք է պահանջում:
Ես Հայաստանում դիմել եմ տարբեր լրատվական կայքերի, փորձել եմ հանրայնացնել խնդիրս, շատ լավ գիտակցելով, որ միակը չեմ, ով նման անարդարության զոհ է դարձել, սակայն առայժմ ոչ մի աջակցություն չեմ ստացել: Երեխայիս միայն երկու դեղորայքերի գումարը կազմում է 48 հազար դրամ: Հիմա դիմում եմ Ձեզ, ակնկալելով անաչառ, օբյեկտիվ գնահատական իմ խնդրին և սպասում եմ, որ արդարությունը կվերականգնվի:
Պատրաստ եմ ներկայացնել բոլոր փաստաթղթերը և հետազոտության արդյունքները, որոնք հաստատում են իմ խոսքերը:
Հարգանքներով՝ Անի Էվոյան: