Հեղափոխությունից հետո Հայաստանի նման երկրի համար ամենակարևորը ռազմական ոլորտի կարգավորումն է, քանի որ դա այն ոլորտն է, որը անմիջական կապ ունի թշնամու հետ և այդտեղ սխալվել չի կարելի, քանի որ սխալվելու դեպքում շատ թանկ գին է վճարվելու ոչ միայն իշխանության կողմից, այլ նաև ժողովրդի։

Պաշտպանության նախարարի փոփոխությունից հետո իմ կարծիքով ԶՈւ ԳՇ պետի փոփոխությունը մի փոքր ժամկետից շուտ էր։ Անկախ նրանից, որ հերթական նշանակվող պաշտոնյան կլինի շատ գրագետ ռազմական գործիչ, կան մի քանի պայմաններ։

Տվյալ դեպքում ներկայումս բանակի երկու ներկայացուցիչները նոր նշանակված կլինեն ու մոտակա ժամանակահատվածում կատարվելիք ոչ մի գործողության համար, որպես այդպիսի պատասխանատու չեն կարող լինել, քանի որ այդ պահին պետք է սկսեն ծանոթանալ իրենց պարտականությունների հետ, նոր թիմ հավաքեն ու անցնեն ծառայության, իսկ այդ ամենը ժամանակ է պահանջում։

Հասկանալի է, որ Դավիթ Տոնոյանը և ապագա շտաբի պետը ռազմական ոլորտում նորեկներ չեն ու շատ լավ են գիտակցում իրենց վրա դրված պատասխանատվությունը, բայց միևնույնն է նոր զբաղեցվող պաշտոնը ունի իր նրբությունները, որոնց հետ համակերպվում և դրանց լուծումներ գտնում են ժամանակի ընթացքում։

Իսկ մենք գործ ունենք մի այնպիսի թշնամու հետ, որը ընդունակ է ամեն ինչի ու ցանկացած պահի սպասում եմ որևէ հանցագործություն կատարելու։

Հույս ունեմ մեր կողմից հարգանք վայելող երկու պաշտոնյաները շատ արագ կանցնեն ծառայության անթերի կատարմանը։