ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզից իր ողջույնի և շնորհավորանքի խոսքն է հղել շրջանավարտներին: Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքով ուղիղ հեռարձակմամբ շնորհավորել է աշակերտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:

«Սիրելի աշակերտներ, գիտեմ, որ Վերջին զանգին շատ եք սպասում: Ցավոք, նախարարի պաշտոնում առաջին վերջին զանգի միջոցառմանը չեմ կարող ներկա գտնվել, որովհետև Փարիզում եմ: Այստեղ տեղի է ունենում Բոլոնիայի գործընթացի մասնակից երկրների կրթության նախարարների գագաթնաժողովը: Ցանկանում եմ մաղթել, որ լավ օր ունենաք, ուրախ անցկացնեք միջոցառումները թե դպրոցներում, թե դրանցից դուրս: Գիտեմ, որ քաղաքապետարանը միջոցառումներ է կազմակերպում, կարծում եմ ակտիվ կմասնակցեք: Ուրախացեք, վայելեք ձեր օրը, սակայն շատ չխմեք, ալկոհոլ քիչ կօգտագործեք, ավտոմեքենաները ճիշտ կվարեք, որովհետև պետք չէ այդ գեղեցիկ օրն ինչ-ինչ միջադեպերով մթագնել»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

 

Նա նշեց, որ առաջիկայում ավելի լուրջ իրադարձություններ են սպասվում, մասնավորապես, ընդունելության քննությունները:  Նախարարը նկատեց, որ երկրում տիրող փոփոխությունների համատեքստում երիտասարդները ևս պատասխանատվություն ունեն:

«Ունեք պատասխանատվություն սովորելու, փոխվելու, կրթվելու, որովհետև ապագա պաշտոնյաներն եք, տարբեր մասնագիտություններ կրողներն եք»,-հավելեց նախարարը:

Հայաստանի դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին: