Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության բնագավառում 2017 թվականի ընթացքում ՀՀ դատախազության կողմից, ընդհանուր առմամբ, իրականացվել է 1 246 ստուգում և ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է 497 խախտում:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ պատկան մարմիններին ուղարկվել է 19 հաղորդում, ներկայացվել են ծառայողական քննություն անցկացնելու միջնորդագրեր, իրականացվել է 24 ծառայողական քննություն, հարուցվել է 15 քրեական գործ:
«Վերանայվել է օրինականությանը հակասող 13 ակտ՝ վերականգնելով կալանավորված անձանց և դատապարտյալների խախտված իրավունքները:
Արձանագրված խախտումները վերացնելուն և բացառելուն ուղղված միջոցառումների արդյունքները, սակայն, բավարար համարել չի կարելի: Դրա վկայությունները նմանատիպ դեպքերի կրկնություններն են:
Բացի դրանից, երբեմն խախտման համար կարգապահական պատասխանատվության ենթարկված աշխատակիցները հետագայում դրսևորել են հանցագործության հատկանիշներ պարունակող վարքագիծ՝ դրա բոլոր հետևանքներով:
2017 թ. նախորդ տարվա համեմատությամբ 250-ով (365-115) աճել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց թիվը: Դա պայմանավորված է, ի թիվս այլնի, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի ոլորտում 2017 թվականի մարտի 1-ին կատարված օրենսդրական բարեփոխումներով, որոնց արդյունքում դատապարտյալների դատական պաշտպանության իրավունքի երաշխավորումն ավելի է բարձրացել:
Ակնհայտ դրական արդյունքներ են տվել ՀՀ դատախազության նախաձեռնությամբ տուգանքը հանրային աշխատանքներով և հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելու ինստիտուտը սահմանող նորմերում կատարված փոփոխությունները: Բանն այն է, որ անհրաժեշտ իրավակարգավորումների բացակայության պատճառով տուգանք պատժատեսակի կատարումը դարձել էր անհնարին: Մինչդեռ նոր իրավակարգավորումների ընդունումից հետո տուգանք պատժատեսակի դատապարտված դատապարտյալների կողմից կատարվել է 183 միլիոն 365 հազար 300 ՀՀ դրամ գումարի վճարում»,- ասել է Աբրահամյանը: