ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՇՊՀ խորհրդի նախագահի պաշտոնից:
Այս մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքի իր էջում: «Հարգելի հայրենակիցներ,
Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը համարում եմ համալսարանի ռեկտորի նոր ընտրությունների կազմակերպումը։
Հաշվի առնելով այս հանգամանքը' միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Շիրակի պետական համալսարանի կառավարման նոր խորհուրդ ձևավորելու նպատակով համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացնում նաև ես»,-գրել է նա։
Շիրակի պետական համալսարանի ուսանողները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը:
Բողոքի ակցիան կազմակերպելու որոշումը կայացվել է մայիսի 4-ին, երբ պարզ է դարձել, որ բուհի ռեկտորն աշխատանքից ազատել է պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին: