Այսօր՝ մայիսի 14-ին՝ Իսրայելի անկախության հռչակման օրը, ինչպես նաև վաղը՝ պաղեստինցիների Նաքբայի (աղետ) օրը, Մերձավոր Արևելքի ամենաթեժ կետը լինելու է Իսրայելը: Ի կատարումն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2017թ. դեկտեմբերի 6-ի հատուկ հայտարարության՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու վերաբերյալ, այսօր Երուսաղեմում տեղի է ունենալու ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության բացման պաշտոնական արարողությունը:

 


Ի պատասխան նշված միջոցառման՝ պաղեստինյան կառույցները Գազայի հատվածում և Արևմտյան ափում հայտարարել են համընդհանուր բողոքի գործողություններ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու ամերիկյան և իսրայելական իշխանությունների գործողությունների դեմ:

 

Միայն Գազայի հատվածից սպասվում է տասնյակ հազարավոր պաղեստինցիների ճեղքումը դեպի Իսրայել: Իսրայելական անվտանգության ուժերից բացի, մոբիլիզացվել են ԶՈւ-ի տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում նաև օդուժը: