Նոր կառավարության կազմի նշանակմամբ՝ Հայաստանում փաստացի ավարտվեց իշխանափոխության առաջին փուլը. ամենայն հավանականությամբ՝ հետագա լուծումները տեղ կգտնեն քաղաքական հարթությունում՝ քաղաքական պայմանավորվածությունների, փոխզիջումների, նաև նոր խորհրդարանական ընտրությունների շրջանակներում:
Ներկայում մեր երկրում ստեղծվել է բավական կարևոր՝ հանգուցային իրավիճակ: Օրակարգային խնդիր է պետության ընթացքի բնականոն հունի վերականգնումը՝ հնարավորինս ի նպաստ ծառայեցնելով նաև վերջին շրջանում արձանագրված դրական գործոնները բոլոր ուղղություններում:
Չափազանց կարևոր է՝ հնարավորինս աջակցել Հայաստանի նոր կառավարությանը, իսկ այդ աջակցության լավագույն դրսևորումը կլինի յուրաքանչյուրիս կողմից ՍԻՐՈՎ ու ՀԱՎԱՏՈՎ մեր աշխատանքային, քաղաքացիական պարտականությունների հավուր պատշաճի իրականացումն ու հետևողական պահանջատիրության ցուցաբերումը:
Հ.Գ. Անկեղծորեն շնորհավորենք և հաջողություն մաղթենք նորանշանակ կառավարությանը՝ որպես սկզբունքային ակնկալիք ունենալով պետության զարգացումն ու հայ ժողովրդի (ՀՀ քաղաքացիների, սփյուռքահայ հայրենակիցների) սպասելիքների արդարացումը՝ այլևս երբեք բացառելով նոր փորձությունների՝ հատկապես ապրիլին արձանագրված իրավիճակի կրկնությունը:
Արմեն Պետրոսյան