Իրաքում այսօր վաղ առավոտյան մեկնարկած խորհրդարանական ընտրություններում Ներկայացուցիչների խորհրդի ընդհանուր 329 տեղի համար պայքարում է շուրջ 7300 թեկնածու 320 կուսակցություններից: Այդ երկրի Սահմանադրության համաձայն՝ պատգամավորական աթոռների 25%-ը (83 տեղ) պետք է զբաղեցնեն կանայք, 9 տեղ՝ էթնիկ-կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ 5-ը՝ քրիստոնյաներ:

Իրաքի բնակչության էթնո-կրոնական պատկերը ևս բավական բազմազան է, մեծամասնություն են կազմում իսլամի շիայական ուղղության հետևորդները, զգալի ներկայություն ունեն նաև սուննիները, իսկ էթնիկ խմբերից՝ քրդերը:

Իրաքում ընթացող ընտրությունների կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ, ի տարբերություն նախկինի, դավանական խմբերը միասնական դաշինքներով չեն մասնակցում ընտրություններին. շիայական համայնքը ներկայացնում են 5, սուննիականը՝ 2 քաղաքական դաշինքներ, միասնական չեն նաև քրդերը:

Այսուհանդերձ, հիմնական քաղաքական մրցակցությունն ընթանում է շիայական համայնքը ներկայացնող գործող վարչապետ Հայդար ալ-Աբադիի «Հաղթանակ», նախկին վարչապետ և ներկա փոխնախագահ Նուրի ալ-Մալիքիի գլխավորած «Օրենքի պետություն» քաղաքական դաշինքների միջև, լուրջ հնարավորություններ ունի նաև Իրաքում հակաահաբեկչական պայքարում կարևոր դերակատարություն ունեցած հայտնի «Բադր» ռազմական կառույցի առաջնորդ Հադի ալ-Ամերիի գլխավորած «Նվաճում» կուսակցությունն, ինչպես նաև՝ իրաքցի հայտնի կրոնական գործիչ Մուկթադա ալ-Սադրի գլխավորած քաղաքական ուժը: Սուննիական քաղաքական ուժերից առավել մեծ հնարավորություն ունի «Հայրենիք» դաշինքը:

Ընթացիկ ընտրություններն առաջինն են Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարից և դրա դեմ տարած հաղթանակից հետո: Ի դեպ, իրաքյան օրենսդրության համաձայն, դրանք պետք է տեղի ունենային դեռևս 2017թ. սեպտեմբերին, մինչդեռ երկրում եղած անկայուն իրավիճակի պատճառով քաղաքական փոխպայմանավորվածությունների արդյունքում հետաձգվել էին:
Հարկ է նշել, որ հետճգնաժամային Իրաքի հանրային կյանքի բոլոր ոլորտների կարգավորման տեսանկյունից այս ընտրությունները բավական կարևոր են, և դրանց արդյունքներից է մեծապես կախված նաև մերձավորարևելյան այս կարևոր երկրում առկա բազմաբնույթ խնդիրների կարգավորոման՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի, կայունության և անվտանգության հաստատման հեռանկարը:

Հ.Գ. Իրաքում նախընտրական դիսկուրսի ամենաառանցքային թեման եղել է հակահաբեկչական պայքարի և երկրում կայունության հաստատման խնդիրները: Այս համատեքստում, առվել ամուր դիրքեր ունեն հատկապես գործող վարչապետի՝ ալ-Աբադիի դիրքերը, որի գլխավորած կառավարությանն է հատկապես վերագրվում իսլամական ծայրահեղ արմատականների դեմ, կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված հաջողությունները, ինչպես նաև՝ Իրաքի Քրդական տարածաշրջանի անկախության հավակնությունները զսպելու իրողությունը: