Նույնիսկ ժամանակակից տարածաշրջանային զարգացումների խորապատկերում Իրանը ճիշտ հասկանալու և գնահատելու համար ամենևին բավարար չէ, դիցուք, ընթացիկ լրահոսին կամ քաղաքական զանազան հայտարարություններին հետևելը և դրանցից եզրակացություններ անելը, քանի որ մեր հարավային հարևանի դեպքում դեպքում գործ ունենք պատմական և քաղաքակրթական խորը արմատներից սնուցվող, ըստ էության, ինքնաբավ պետականության հազարամյա ավանդույթի հետ։
Համաձայն այդ ավանդույթի հիման վրա հենց իրանցիների շրջանում ձևավորված քաղաքական և նույնիսկ հասարակական աշխարհընկալման՝ Իրանը երբեք չի կարող լինել և չպետք է լինի «շարքային» պետություն, այլ առնվազն տարածաշրջանում հավակնելու է գերտերության կարգավիճակի, որն էլ նույն այդ ընկալման արդյունքում մշտապես դիտարկվում է որպես իրանական պետության խիստ բնական վիճակ։
Հաշվի առնելով այս ամենը՝ ամենաքիչը անմտություն է կարծել, թե Իրանը կարող է կամավոր զիջել իր դիրքերը սեփական վարչաքաղաքաղաքական սահմաններից դուրս Մերձավոր Արևելքի որևէ կետում կամ Իրանին կարելի է վախեցնել մի քանի մերձավորարևելյան երկրներում ռազմաքաղաքական միաժամանակյա ներգրավվածության իբր կործանարար լինելու հանգամանքով, քանի որ Իրանի պետականության հենց իրանական ըմբռնումն իսկ ենթադրում է նման դիրքերի և ներգրավվածության առկայություն։