Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց իր նախորդի՝ Բարաք Օբամայի կողմից Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին։ Այս գործարքը շատերը կոչում էին դարի գործարք, և այն ուղղված էր Իրանի հանդեպ պատժամիջոցները վերացնելուն և, որ ամենակարևորն է, կրկին թույալտրելու, որ Թեհրանը վերադառնա միջազգային նավթի շուկան։ Փոխարենը Իրանը պարտավորվել էր դադարեցնել միջուկային զենք ստանալու փորձերը։
Թրամփը հայտարարեց, որ այդ գործարքով իրապես չի սահմանափակվում Իրանի միջուկային հնարավորություններ և 180 օրվա ընթացքում պատժամիջոցները կվերականգնվեն ու կավելացվեն։
Եվրոպական երկրները, որոնք նույնպես պայմանավորվող կողմերից էին, այժմ փորձում են փրկել համաձայնությունը, սակայն փորձագետները համոզված չեն, որ ԱՄՆ բացակայության պայմաններում ԵՄ-ն, Ռուսաստանը և Չինաստանը միասին ի վիճակի են փրկելու իրադրությունը։ Հոգևոր առաջնորդ Խամենեին էլ հայտարարել է, որ ինքը չի հավատում այս երկրներին, և երաշխիքներ չկան, որ մի օր նրանք էլ չեն կրկնի ԱՄՆ քայլը։
Իրանի հետ համաձայնագիրը չեղարկելը Թրամփի նախընտրական խոստումներից էր, և ի վերջո նա այն իրականացրեց։ Երկար տարիներ ամերիկացիների պատկերացումներում Թեհրանը համարվել է «Չարիքի առանցքի» կարևոր բաղադրիչը, և իր ընտրողներին տված պոպուլիստ խոստումներում Իրանը ներառելը ընտրողների ձայներ հավաքելու կարևոր միջոց էր։ Իսկ այժմ, երբ Թրամփն արդեն իրական քաղաքականություն է վարում, այս գործիքը ծառայում է ոչ միայն պոպուլիզմին, այլև նրա մերձավորարևելյան քաղաքականությանը։
Օբամայի կողմից իրանական նավթի հանդեպ արգելքների վերացումը նաև նրա կողմից Մոսկվայի հանդեպ վարվող մեղմ զսպման տարր էր, քանի որ դրանով նավթի գներն անկում տեղի ունեցավ, որը շարունակականության դեպքում կարող էր լրջորեն ազդել Ռուսաստանի տնտեսության վրա։ Թրամփը, սակայն, Կրեմլի հանդեպ որդեգրել է շատ ավելի կոշտ դիրքորոշում, և նավթի գներով նրան ճնշելը առաջնահերթություն չի համարում։
Իսկ Մերձավոր Արևելքում ամեն ինչ իրար է խառնվել ու հավաքվել մի խնդրի շուրջ՝ Սիրիա։ Այստեղ է, որ գերտերությունները և տարածաշրջանի տերություններն իրար հետ ուժերն են չափում, այստեղ են նրանք ցուցադրվում ողջ աշխարհին ու նաև իրենց ժողովրդին։ Ինչպես Ռուսաստանի համար, Իրանի դեպքում ևս Սիրիան եզակի հնարավորությունից էր միջազգային մեկուսացումից դուրս գալու և ակտիվ արտաքին քաղաքականություն վարելու։ Այս երկրներն իրենց ժողովուրդներին փորձում էին ապացուցել, որ իրենք հաղթանակներ են տանում, որ իրենց թուլության մասին լուրերը սուտ են։ Եվ որ ավելի կարևոր է, այդ պատերազմները վարվում են իրենց երկրներից հեռու, իրենք ցուցադրվում են որպես ուժեղ առանց իրենց բնակիչներին վտանգելու։ Այս նպատակների համար Սիրիայում կատարվում են անհավանական բաներ, անգամ՝ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը, որոնք ունեն անհարթելի տարաձայնությունների, հանուն մարտավարական նպատակների դառնում են դաշնակիցներ։
Իր հերթին Միացյալ Նահանգներն իրեն ներկայացնում է որպես համաշխարհային միակ գերտերություն՝ մերժելով առանց իր թույլտվության մեծ աշխարհաքաղաքական խաղերի հավանականությունը։ Այս երկրների ակտիվությանը նա հակադրում է իր հնարավորությունները, որով վերահաստատում է ստատուս քվոն և ցույց է տալիս բոլոր հավակնորդներին իրենց իրական տեղը։ Իրանի դեպքում որպես ԱՄՆ ազդեցության գործիք վերագործարկվեց պատժամիջոցների մեխանիզմը։
Իհարկե, այս քայլը միտված չէ Մերձավոր Արևելքի կայունացմանը։ Անկյուն քշվող Իրանն ավելի կակտիվացնի իր գործողությունները առաջին հերթին Սիրիայում։ Ռուսաստանը, որ այժմ զբաղված է ընտրություններից հետո ներքին կառավարական դասավորումներով, և ով ցանկանում է բարով-խերով ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնել, առայժմ պասիվություն է ցուցաբերում, սակայն Մոնդիալի ավարտից հետո պետք է ակնկալել նրանից նոր ալյանսներ և նոր գործողություններ։ Եվ իհարկե, այս լարվածությունը կբերի Միացյալ Նահանգների ընդգրկման նոր գալարի։
Աղասի Ենոքյան