Քանի որ վերջին մի քանի ժամվա ընթացքում պաշտոնների նշանակման դոզան մի քիչ շատ էր ու քննարկման առիթ դարձավ, այս անգամ ևս թույլ տվեք համեստ կարծիք հայտնեմ:

Ոստիկանության պետ նշանակվեց ոստիկանության աշխատակիցներից մեկը, տվյալ դեպքում՝ Վալերի Օսիպյանը: Մի քանի հոգի ուրախացան այդ փաստից, մի քանի հոգի սկսեցին դժգոհել:

Հիմա դժգոհողների մասին: Նախկին իշխանության ժամանակ ծառայություն իրականացնող ցանկացած ոստիկան ունի իր լուսավոր և մութ կետերը, ցանկացած բարձրաստիճան ոստիկանապետի թեկնածու դժգոհության ալիք էր բարձրացնելու ժողովրդի շրջանում: Պարզ է չէ՞ , որ ոստիկանապետ չէր կարող նշանակվել ինչ-որ բաժնի բարի և պուպուշ քննիչ, ով նույնիսկ չի հասցրել մեկ հոգի դատի տալ: Պարզ է չէ՞, որ ցանկացած գնդապետի և դրանից բարձր կոչում ունեցող անձի դեպքում նույն դժգոհությունն էր լինելու:

Երբ որոշ ժամանակ առաջ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար նշանակեց Վիգեն Սարգսյանին, ով սպա չէր, մարդիկ նույնպես սկսեցին դժգոհել:

Երբ որոշ ժամանակ առաջ Սերժ Սարգսյանը ԱԱԾ տնօրեն նշանակեց Գեորգի Կուտոյանին, կրկին մարդիկ սկսեցին դժգոհել, քանի որ վերջինս նույնպես նախկինում չէր աշխատել ԱԱԾ-ում:

Հիմա Փաշինյանը հաստատ չէր կարող ոստիկանության հետ ոչ մի կապ չունեցող անձի նշանակեր ոստիկանապետ: Չէր կարող ու չէր անի նման քայլ: Իսկ ցանկացած այլ ոստիկանության աշխատակցի դեպքում ամբողջությամբ նույն սցենարը կլիներ:

Այս կարգավիճակում կարևոր չէ, թե այդ պաշտոններին նախկին որ ոստիկանը կամ ԱԱԾ աշխատակից կլինեն, տվյալ դեպքում իրենց կատարած աշխատանքի համար պատասխանատու է բացառապես Նիկոլ Փաշինյանը: Գոնե ուժային կառույցների դեպքում պետք է Փաշինյանը կողմնապահություն չանի ու ճիշտ ընտրություն կատարի:

Ես ոչ Օսիպյանից, ոչ Վանեցյանից պահանջելու բան չունեմ: Մենք պահանջելու ենք միայն Փաշինյանից: