«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հայտարարել է հիմնադրամի աշխատանքի դադարեցման մասին: Հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հրապարակված բաց նամակում Կարաասլանյանը հայտնել է, որ մայիսի 10-ին «Լույս»-ի աշխատակազմին ծանուցում է ներկայացվել հիմնադրամի աշխատանքի դադարեցման մասին։

 

«Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին և 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած , կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող երիտասարդներին, որ նրանց այս տարի ևս կշնորհվի կրթաթոշակ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի շուտով»,- ասված է բաց նամակում:

 

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրենը իր նամակում նշում է, որ գիտելիքի և երիտասարդության մեջ արվող ներդրումը զարգացած Հայաստան ունենալու միակ ճանապարհն է։

 

«Խորապես համոզված եմ, որ աշխարհի առջև ծառացած ներկա և ապագա բոլոր խնդիրների լուծման հիմքում կրթությունն է: Այսօր ես դադարում եմ գործել որպես «Լույսի» կրթական ծրագրի գործադիր տնօրեն՝ երախտագիտությունս հայտնելով բոլոր հայրենակիցներիս և ապագայի հանդեպ մեծ վստահությամբ լցված»,- ասված է Ժաքլին Կարաասլանյանի նամակում: