House of Cards փառահեղ սերիալում մի փայլուն դիալոգ կա երկրորդական պերսոնաժների միջև, որտեղ հնչում է մի հանճարեղ պարզ, բայց խորը միտք․ ԱՄՆ նախագահը մեկ մարդ չէ, ԱՄՆ նախագահը այն հարյուրավոր մարդիկ են, որոնք աշխատում են նրա համար/նրա թիմում։

Մի պահ ընկալեք ու մարսեք այս միտքը ու սերիալային միջավայրից պրոյեկտեք այն մեր իրականության վրա։ Այսուհետև Նիկոլ Փաշինայնը էլ միայն Նիկոլ Փաշինյանը չէ, ինչպես դա նախկինում էր։ Գնալով Նիկոլ Փաշինյանը լինելու է այն տասնյակ ու հարյուրավոր մարդիկ, որոնք աշխատում ու աշխատելու են նրա համար։ Ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը միայն Սերժ Սարգսյանը չէր, այլ նրա թիմը, որի աշխատանքի երևացող հատվածով ու անձամբ ՍՍ-ի նախընտրած կուլուարային դոկտրինի արդյունքում ձևավորվում էր այն վերաբերմունքը առ Սերժ Սարգսյան։

Ու հենց այստեղ էլ քողարկված է Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ռիսկը, որովհետև եթե քննարկման կարիք էլ չունի այն պարզ իրողությունը, որ Փաշինյանը խարիզմատիկ ու հմուտ գործիչ է, հռետորաբանության մեծ վարպետ է ու փայլուն կարողանում է օգտագործել պոպուլիզմի, դիվանագիտության ու դեմագոգիայի գործիքները, ապա նոր՝ հավաքական Նիկոլ Փաշինյանի մյուս բաղկացուցիչը՝ թիմը, մեղմ ասած, оставляет желать лучшего:

Նախ, առայժմ հայտնի չէ, թե ովքեր են լինելու այդ թիմի վերին օղակում՝ նախարարներ, ծառայությունների պետեր, պետական ապպարատի այլ կարևոր օղակների ղեկավարներ։ Երկրորդ՝ անգամ եղածները, եթե Նիկոլ Փաշինյանի թիմ համարում ենք միտինգային հարթակում նրա կողքը կանգնող մարդկանց, ապա նրանք խիստ խայտաբղետ ու տարրասեռ շերտերի ներկայացուցիչներ են, որոնց դժվար է պատկերացնել մեկ դաշում ու մեկ տեսլականի շրջանակներում ներդաշնակ համագործակցելիս։

Վերջապես՝ չմոռանանք ժամանակի գործոնը, որը շարունակում է խաղալ Փաշինյանի դեմ։ Էյֆորիան հավերժ չի կարող լինել ու արդեն իսկ նկատվում է շարժման կողմնակիցների շերտավորում։ Ժամանակը, այո՛, բերելու է Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների թվի կարծրացման՝ ընդհուպ մինչև նրան կուռքի աստիճան ընկալողներ, բայց բերելու է նաև էլեկտորատի բևեռացման, երբ ի հայտ են գալու նրան դեմոնիզացնողներ (դիցուք՝ նույն Սասնա Ծռրեի համակիրները, եթե/երբ Նիկոլը չարդարացնի նրանց ակնկալիքները)։ Լինելու է նաև ավելի շատ ու ավելի քիչ դրական վերաբերվող միջանկյալ մեծ շերտ, որը աստիճանաբար ավելի շատ կամ ավելի քիչ է հակված լինելու սատարել Նիկոլ Փաշինյանին ու այդ շատ ու քիչը պայմանավորված է լինելու մեծապես հենց նրանով, թե ինչպիսին կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը, ինչպես գրեցի սկզբում, արդեն մեկ մարդ չէ, այլ տասնյակ ու հարյուրավոր մարդիկ, որոնք աշխատում են նրա վրա։