Եթե վաղը Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, իսկ դրանում կարծեք թե արդեն որևէ կասկած չկա, ապա համաշխարհային պառլամենտարիզմի պատմության ընթացքում տեղի կունենա բացառիկ դեպք, երբ պառլամենտում ֆորմալ փոքրամասնության ներկայացուցիչը ժողովրդի կամքով ընտրվում է երկրի վարչապետ, ասել է թե՝ երկրի փաստացի ղեկավար, որին ձայն են տալիս անգամ ֆորմալ մեծամասնության ներկայացուցիչները:
Երիցս համոզվում եմ, որ ժողովրդի կամքի արտահայտումը ժողովրդավարության ամենաբարձրագույն ձևն է, և այն պետք է հարգել:
Այդուհանդերձ, զուտ սահմանադրաիրավական կարգավորումների հարթության համատեստքում վերլուծելով ստեղծված իրավիճակը, անհրաժեշտ է արձանագրել, որ իսկապես գործ ունենք բացառիկ իրավական կազուսի հետ:
Տեսե՛ք, սահմանադրության պահանջն է, որ Ազգային Ժողովում լինի կայուն քաղաքական մեծամասնություն, որն այս դեպքում գոյություն չունի:
Ավելին, պարզ չէ, թե ՛՛ԵԼՔ՛՛ խմբակցությունը, ՀՅԴ-ն և ՛՛Ծառուկյան՛՛ դաշինքը հանդիսանալո՞ւ են, արդյոք, ընդդիմությու՞ն, թե՞ իշխանություն, իսկ ՀՀԿ-ն, ֆորմալ առումով ունենալով մեծամասնություն, փաստացի չի ունենալու գործադիր իշխանություն:
՛՛Ազգային ժողովի կանոնակարգ՛՛ սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածով հստակ ամրագրված է, որ կառավարության կազմավորման վերաբերյալ կուսակցությունները պետք է հուշագիր ստորագրեն:
Այն կուսակցությունները, որոնք ստորագրելու են այդ հուշագիրը, համարվելու են կառավարող, իսկ այն կուսակցությունները, որոնք չեն ստորագրելու, համարվելու են ընդդիմադիր:
Ստացվում է, որ այսպես թե այնպես ''ԵԼՔ''-ը, ՀՅԴ-ն և ''Ծառուկյան'' դաշինքը համարվելու են կառավարող, սահմանադրության ուժով համարվելու են կառավարող ուժեր, իսկ ՀՀԿ-ն՝ ընդդիմադիր քաղաքական ուժ:
Կյանքն ապացուցեց, որ այս սահմանադրությունը չդիմացավ առաջին իսկ քաղաքական կատակլիզմին, և ցույց տվեց իր սնանկությունը:
Եվ սա, ցավոք սրտի, այս սահմանադրության և այն կազմողների դեմքն է:
Համոզված եմ, որ այս սահմանադրության ճարտարապետներին պետք է դատել՝ երկրի սահմանադրաիրավական համակարգն այսպիսի զավեշտալի վիճակի մեջ դնելու և փլուզման եզրին հասցնելու համար:
Գտնում եմ, որ նոր իշխանության խնդիրն է լինելու նաև հաշվի առնել այս ամենը՝ հետևություններ անելու համար:
Այլ կերպ ասած, այս սահմանադրությունը մեր երկիրը ոչ մի տեղ չի տանելու, և այն, մեղմ ասած, վատ գործիքակազմ է:
Նորայր Նորիկյան