Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Ռուսաստանի դաշնությունը մեր հարևաններն են ու ռազմավարական դաշնակիցները, որոնք, ավաղ, բարդ երկրներ են և հայտնվել են որոշակի միջազգային մեկուսացման մեջ։
ԱՄ Նահանգները այս երկրներին Հյուսիսային Կորեայի հետ միասին համարում էին Չարի առանցք և արտաքին քաղաքականության ու տնտեսական վարչարարման բոլոր եղանակներով փորձում են թուլացնել, քայքայել, վերացնել վերջիններիս։
Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև սկսված մերձեցման գործընթացի արդյունքում, բնականորեն, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը հանվում է այս շարքից, և հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին կենտրոնանալ Ռուսաստանի և Իրանի վրա։ Եվ մենք, կարծես թե ակամա, դառնում ենք մասնակիցը աշխարհաքաղաքական մի դավադրության, երբ այս երկու երկրներն էլ վախենում են աշխարհը վերաձևող գունավոր հեղափոխություններից, և հատկապես ԱՄՆ ազդեցության տարածումից՝ իրենց սահմանների մոտ, այն դեպքում, երբ մեզ օդի պես անհրաժեշտ են թրքալեզու ժողովուրդներով բնակեցված Ռուսաստանի՝ որպես մեր բնական դաշնակցի, Եվրասիական աշխարհամասը հավասարակշռող գործոնն ու Թուքիայ - Ադրբեջան գործոնին ի հակակշիռ՝ Իրանի դերը։
Փակագծերը չբացեմ։ Հայ ընթերցողը կես խոսքից է հասկանում իրերի բնույթն ու դասավորությունը, սակայն մենք պարտավոր ենք անընդհատ ասել աշխարհին, որ այս հեղափոխությունը զուտ հայկական է, ազգային է, տեղական է, և որի արդյունքում, Հայաստանը հավատարիմ է մնալու արտաքին քաղաքական իր պարտավորություններին ու ազգային բնավորությանը՝ ոչ թե այն պատճառով, որ սա քաղաքական իրողություն է, և նոր վարչապետը պարտավոր է հաշվի նստել սրա հետ, այլ այն, որ նա, այսպիսի համագործակցությունը համարում է ճշմարիտ քաղաքական ուղի և ձգտելու է կատարելագործելու, նոր թափ տալու դրան։
Ամերիկայի միացյալ նահանգները ամեն ինչ կանեն նորացված Հյաստանում էլ ավելի ամրապնդվելու համար, ինչը, բնականաբար, դուր չի գա թե Ռուսաստանին, թե Իրանին։ Սակայն սա չի նշանակում, որ մենք չպիտի խորացնենք մեր հարաբերությունները արևմուտքի հետ, բայց, երբեք ոչինչ չպիտի անենք, ինչը կարող է վտանգել մեր ապահովությունը։
Ռուսաստանի ներքաղաքական կյանքում նշմարվում են քաղաքական ընդվզումի երևույթներ, որոնք փորձում են նույնականացնել Թավշյա հեղափոխության հետ։ Սա մեզ միանշանակ ձեռնտու չէ, և ոգևորության մեջ ընկնել էլ պետք չէ, այլ, հակառակ սրան՝ հարկավոր է հայտարարել, որ Նավալնին և մնացյալը ոչ մի առնչություն չունեն մեզ հետ, ու անբարոյական է, երբ քաղաքական սեփական նախանձախնդրությամբ թելադրված, նրանք անընդհատ շեշտում են մեր Երկրում կատարվածը՝ որպես օրինակ։
Սիրելի ժողովուրդ, մենք պատասխանատու ենք ոչ միայն մեր բոցավառ ու ոգեշունչ ներկայի, այլև իրատես ու պրագմատիկ ապագայի համար, որը վաղն է լինելու, երբ հեղափոխությունը այլևս պատմություն կդառնա։