Այս շաբաթվա ընթացքում միջազգային մամուլի թոփ թեմաների շարքում, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական գործընթացին զուգահեռ, բավական լայն արձագանք է ստացել նաև Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադի» կողմից Իրանի գաղտնի միջուկային ծրագրի՝ «Ամադի» վերաբերյալ հավաքագրված մեծածավալ տեղեկատվության հանրայնացնումը:

 


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից հույժ կարևոր հետախուզական տվյալների ներկայացումից ընդամենն օրեր անց տեղեկատվություն տարածվեց նաև շուրջ կես տոննա կշռով և ամբողջ բեռնատարի ծավալով փաստաթղթերն Իրանից Իսրայել հասցնելու ուղիները: Բանն այն է, որ Մոսադի գործակալների առաջին խումբը տվյալները հասցրել է Իրան-Ադրբեջան սահմանի մերձակա հատված, որտեղից գործակալների մյուս խումբը տեղափոխել է դրանք Ադրբեջան, ապա՝ Իսրայել:

 


Եվ որքան էլ Ադրբեջանի ԱԳՆ-ը փորձի պաշտոնապես հերքել նշված տեղեկատվությունը, այսուհանդերձ, այդ երկրում Իսրայելի հատուկ ծառայությունների գործունեության իրողությունը հայտնի է արդեն տարիներ շարունակ, իսկ հատկապես վերջին շրջանում դրանց ակտիվացումը պայմանավորված է նաև ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային ծրագիրը վերանայելու դիրքորոշմամբ, որը դարձյալ օրակարգ է վերադարձնում Իրանի դեմ ռազմական գործողության հավանականությունը: Իսկ ցանկացած նման սցենարի հավանականության դեպքում Ադրբեջանն Արևմուտքի և Իսրայելի կողմից մշտապես դիտարկվել է որպես կարևոր պլացդարմ: