Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս Աշոտ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շարժման սկզբում, կարծեմ ապրիլի 14-ին, երբ լեղապարկի վիրահատությունից հետո ի վիճակի եղա հեռախոսով մտնել ֆեյսբուք, աչքովս ընկավ մեր ուսանողներից մեկի քննադատական գրառումը Պոլիտեխնիկի ղեկավարների հասցեին, ովքեր դասախոսների և ուսանողների վրա որոշ ճնշումներ են գործադրել՝ արգելելով մասնակցել գործադուլներին ու դասադուլներին: Ընդ որում, քննադատության մեջ ուսանողը օգտագործել էր «բույս» բառը, առանց այն անվանական վերագրելու այս կամ այն ղեկավարին:

 

Անկախ ընտրած բառից, սա աննախադեպ քաջություն էր պոլիտեխնիկի ուսանողի կողմից, և ես քաջալերեցի ուսանողի համարձակությունը, մեկնաբանությունում գրելով՝ «Կեցցես (և այդ ուսանողի անունը)»: Ընդամենը երկու բառ:

Պարզվում է, այս գրառման և մեկնաբանության մասին զեկուցել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր պ. Ո.Զ.Մարուխյանին, ով անչափ վրդովվել է ոչ միայն ուսանողի գրառումից (մասնավորապես՝ բույս բառից), այլև իմ մեկնաբանությունից, հարցը բարձրացրել է ռեկտորատի նիստում, ստիպել է ամբիոնների վարիչներին, որ նիստեր գումարեն և քննարկեն իմ հարցը: Ավելին, հրահանգել է իմ ամբիոնի վարիչին, որ ինձ մյուս ուսումնական տարվա համար ժամեր չտա, թեև, ինչպես ասաց իմ ամբիոնի վարիչը, մյուս տարում ինձ համար նախատեսել էր որոշակի ժամեր:

Այսօր՝ մայիսի 4-ին, մոտեցա Պոլիտեխնիկական համալսարանի կազմում գործող Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի (որտեղ դասախոսում եմ ես) տնօրեն պարոն Գ.Բարեղամյանին, ով նույնպես ասել էր, որ մյուս տարվա իմ բեռնվածքը չի ստորագրելու: Հույս ունեի, որ համաժողովրդական շարժման հաղթանակից հետո գուցե դիրքորոշում փոխված լինի: Սակայն պարոն Բարեղամյանը ասաց, որ ոչինչ չի փոխվել, և ինձ ժամեր չտալու որոշումը մնում է ուժի մեջ: Զրույցի ժամանակ նա ակնարկեց, որ այդ որոշումը կարող է փոխել միայն ռեկտորը:

Ի դեպ, պ. Բարեղամյանը նշեց նաև, որ ինձ ժամեր չտալու պատճառը ոչ միայն իմ մեկնաբանությունն է, այլ նաև ֆեյսբուքում սերժ սարգսյանի հասցեին կատարած իմ մեկ այլ գրառում:

Այսպիսով ստացվում է, որ ֆեյսբուքյան գրառումների և մեկնաբանությունների գրաքննություն է իրականացվում դեմոկրատիայի ուղին բռնած հանրապետությունում, և այս ամբողջ ազգային շարժումն ու հեղափոխության էությունը դեռևս պատշաճ մակարդակով չի ընկալվել որոշ ղեկավարների կողմից:

Իրավապաշտպան կազմակերպություններից, լրատվամիջոցներից, շարժման առաջնորդներից, ուսանողներից, դասախոսներից ու իմ համաքաղաքացիներից ակնկալում եմ այս երևույթի անաչառ գնահատական: Հավաստիացնում եմ, որ իմ նպատակը ոչ թե ինձ ժամերով ապահովելն է (որպես դասախոս ես մյուս ուսումնական տարի պիտի ստանայի ընդամենը երեսունհինգ-քառասուն հազար դրամ), այլ առաջին հերթին թույլ չտալ, որ զարթոնք ապրող ժողովրդի հաղթանակը մթագնի այսպիսի հակաժողովրդավարական քայլերով:

 

Երախտագիտությամբ՝ Աշոտ Հովսեփյան, առայժմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս:

Arayik HarutyunyanArarat MirzoyanNikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան,Հրանտ Հրաչի Խաչատրյանhraparak.amHetqՀարց Փաստաբանին,Armen ArakelyanAvetik Ishkhanyan, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ փաստաբանների պալատXachatur Marozyan,Movses AristakesyanStepan Danielyan»