Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա այսօր՝ մայիսի 3-ին ավազակային հարձակում է կատարվել:

Լրագրողների հետ զրույցում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ գծով օգնական Արտակ Պողոսյանն ասաց.

 

«14:20-ի սահմաններում դիմակավորված և զինված անձը, մտել է Կոմիտասի HSBC բանկ, հափշտակել գումար: Նրա գործողությունների արդյունքում բանկի անվտանգության աշխատակիցներից մեկը մահացել է, մյուսը՝ տեղափոխվել  հիվանդանոց: Ոստիկանությունն օպերատիվորեն ժամանել է և հասցրել վնասազերծել հանցագործություն կատարած անձին, սակայն մինչ այդ նա հրազենային վիրավորում է հասցրել նաև ոստիկանության աշխատակցին: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա միայնակ է գործել»,- ասաց Պողոսյանը:

Նա նշեց, որ դեռևս հայտնի չէ, թե որքան գումարի վնաս է հասցվել բանկին. «Գումարի չափը պարզվում է»: 

«Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:

Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:

Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության լրատվական բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը: