Հաղորդավար Ալեքսանդր Սայադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արմեն, իմ նախկին կրտսեր գործընկեր, գիտեմ, որ դու շատ ակտիվ հետևում ես համացանցին։ Կուզեյի իմանալ, թե ինչ ես զգում, կարդալով քո մասին,քեզ ուղղված գրառումները։ Կարծում եմ, կհավատաս իմ' քո ավագ գործըկերոջ, հեռուստատեսությունում առաջն քայլերիդ վկա, քեզ առաջիններից մեկը դրվատողի ու քաջալերողի անկեղծությանը։ Անչափ տխուր ու դառնացած եմ այդ գրառումներից։

 

Մեր՝ Հայկական հեռուստատեսության հնագույն հաղորդավարների տասնամյակների աշխատանքի ամենաբարձր գնահատականը եղել ու մինչև այսօր էլ մնում է մեր հրաշք ժողովրդի համակրանքը, սերն ու հարգանքը։ Կարծում եմ, ոչ ոք չի ժխտի այս պարզ ճշմարտությունը։Վստահ եմ,որ այդ սիրուց ու հարգանքից դու էլ ես մեծ բաժին ստացել։

Բայց, ինչքան դժվար է վաստակել այդ անգնահատելի սերն ու հարգանքը, այնքան էլ հեշտ է կորցնելը։ Մեզ ճանաչել ու ընդունել է ժողովուրդը,այն ժողովուրդը, որ այսօր ոտքի է ելել վերագտնելու իր անունն ու արժանապատվությունը, այն ժողովուրդը, որ այսօր կանգնած է մեր երկրի հրապարակներում ու փողոցներում, այն ժողովուրդը, որի հետ պիտի լինենք մենք, թեկուզ հենց միայն ի նշան երախտագիտության սիրո ու հարգանքի համար։

Արմեն, իմ լավ բարեկամ, հուսով եմ հիշում ես, թե մինչև նախարար նշանակվելդ քեզ հորդորում էի լավ մտածել, չընդունել այդ առաջարկը, չվարկաբեկել անունդ ու պատիվդ։ Ցավոք, ականջալուր չեղար, չլսեցիր կյանքի ավելի մեծ փորձ ունեցող ավագ ընկերոջդ խորհուրդը և այսօր ստիպված ես լսել ու տեսնել, թե ինչպես է ժամ առ ժամ հալվում տարիների ընթացքում կաթիլ-կաթիլ վաստակածը։

Արմեն ջան, դեռ ուշ չէ, գուցե ոչ ամենը, բայց հնարավոր է ինչ-որ բան պահպանել։ Ցավոք, կյանքն է այդպիսին, արածիդ համար պիտի վճարես։ Հուսով եմ, այս խորհուրդս կընդունես։ 

Արմեն ջան, հրաժարական տուր քո պաշտոնից։ Քո օրինակը կարող է առաջացնել շղթայական ռեակցիա և կօգնի ժամ առաջ հաղթահարել այսօրվա ճգնաժամը։ Այսպես թե այնպես ժողովուրդը հաղթելու է։ Հարցն այն է, թե որտեղ ես դու' ճշմարտության կողմու՞մ, թե աթոռիդ կպած։ Եվ վերջում. ցանկացած իշխանություն անցողիկ է, իսկ ժողովուրդը հավերժ է։

Առայժմ սեղմում եմ ձեռքդ»։