2011 թվականին Մակեդոնիայում խորհրդարանի հերթական ընտրություններն էին։ Դրա ավարտից հետո, երբ արդեն հայտնի էին արդյունքները, շատերը տարբեր քաղաքներում տոնում էին իրենց նախընտրած ուժերի հաղթանակը։ Հենց այդ տոնախմբություններից մեկի ժամանակ էլ, ըստ մակեդոնացի ցուցարարների, ոստիկանությունը ծեծի ենթարկելով սպանել էր 22-ամյա մի տղայի՝ Մարտին Նեշկովսկուն։ Ցուցարարները ոստիկանությանը մեղադրում էին ոչ միայն երիտասարդին սպանելու, այլ նաև այդ ամենն ապօրինաբար քողարկելու փորձերի մեջ։
Նեշկովսկու սպանությունը բողոքի մեծ ալիք բարձրացրեց երկրում։ Բազմաթիվ մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի՝ պարզելու ողջ եղելությունը և պատժի օրինազանց ոստիկաններին, ինչպես նաև իր կազմից դուրս հանի քրեական հեղինակություններին, ովքեր ղեկավարում են երկիրը։ Ցուցարարներին էլ ավելի էր բարկացրել այն, որ իշխող կուսակցության ներկայացուցիչներն այցելել էին սպանված տղայի մորը՝ զգուշացնելով, որ լուռ մնա։
Հավաքների և ցույցերի ընթացքում մակեդոնուհի Ժասմինա Գոլուբովսկան հասարակ մի ցուցարարից դարձավ հայտնի աստղ, այն էլ՝ ընդամենը մեկ լուսանկարի պատճառով կամ, որ ավելի ճիշտ է ասել, մեկ լուսանկարի շնորհիվ։
2015 թվականին տված հարցազրույցում Ժասմինան պատմել է․ «Ընկերներիցս մեկի՝ Բիլյանա Ջինովայի հետ էի, բայց այդ ժամանակ միայն իմ ձեռքին կար կարմիր շրթներկ։ Երկու ժամ այնտեղ կանգնելուց և ոստիկաններին համոզելուց հետո, որ վայր դնեն իրենց վահաններն ու միանան մեր՝ կառավարության դեմ պայքարին, որոշեցի նրանցից մեկի վահանի վրա կարմիր սիրտ նկարել, սակայն նա թույլ չտվեց։ Դրա համար էլ շրթներկը քսեցի շուրթերիս և համբուրեցի վահանը։ Նրան այդ քայլս էլ դուր չեկավ»։
Համացանցում շատերը նկարը տարածում էին ու գրում, թե «աղջիկն ամեն տեղ էլ մնում է աղջիկ» և այլն, ինչն էլ զայրացրել էր Ժասմինային, ընդ որում՝ Ժասմինան հրապարակել է նաև այն կադրը, որում համբուրում է վահանը, սակայն այս մեկն անհամեմատ ավելի քիչ արձագանք ստացավ։