Ես այսօր Քարվաճառի սարերում էի։ Զանգ ստացա․ «վարչապետը հրաժարական տվեց»։ Փորձեմ պարզ ու հակիրճ սահմանել, թե քաղաքական ինչ տեքստեր կարդացի ես այդ երեք բառերի տակ։
Ա․ Սերժ Սարգսյանը զիջեց շախմատային պարտիան։ Գրոսմայստերը պարտվեց, բայց ոչ թե որովհետև ծերացել է, այլ որովհետև աշխարհն է արագ փոխվել։ Այս անգամ նա խաղում էր ինչպես միշտ՝ չնկատելով, որ դիմացինը ոչ թե մարդ է, այլ' արհեստական բանականություն, մի ամբողջ սիստեմ, որ, ներքուստ ծանոթ լինելով համակարգին, Սերժ Սարգսյանին կանգնեցրեց այնպիսի իրավիճակի առջև, որտեղ նա ընտրություն պիտի կատարեր 1996, 1998 կամ 2008 թվականների սցենարների միջև։ Առերևույթ նմանությամբ Սերժ Սարգսյանն ընտրեց 1998 թ․ սցենարը, ինչը կարճաժամկետ հեռանկարում միանշանակ կկանխի իր իսկ սահմանած «անդառնալի» ու անցանկալի հետևանքների առաջացումը։ Մյուս կողմից՝ տրամագծորեն տարբեր են 1998 թ․ և 2018 թ․, ավելին՝ դրանք հակառակ տարերքներ են։ Բայց սրան կանդրադառնամ Գ կետում։
Բ․ Փորձենք հասկանալ, թե ո՞վ է կամ ի՞նչ է այդ «արհեստական բանականությունը» (նախքան դրան հասնելն ընկերներիս մեջ այն հարգարժան անձանց, որ սրտանց հավատում են, որ այս շարժումը կազմակերպիչներ չուներ և ինքնաբուխ էր, խորհուրդ եմ տալիս կարդալ Ջորջթաունի համալսարանից Հանս Նոյելի «Տասը բաներ, որ քաղաքագետները գիտեն, իսկ դուք՝ ոչ» հոդվածը (Noel, Hans (2010) «Ten Things Political Scientists Know that You Don’t», The Forum: Vol. 8: Iss. 3, Article 12. DOI: 10.2202/1540-8884.1393)։ Իսկ եթե կարճ ասեմ, ապա բնության մեջ անկազմակերպ ու «ինքնաբուխ» շարժումներ չեն լինում, այն էլ՝ այս ձևաչափի ու ծավալի։
Վերադառնանք «արհեստական բանականությանը»։ Ակնհայտ է, որ շարժման ամբողջ հակասիմվոլիկան կառուցված էր Սերժ Սարգսյանի վրա՝ կարգախոսից մինչև քաղաքական տեքստեր։ Չէին թիրախավորվում իշխող կուսակցությունը, նախորդ նախագահները (օրինակ), ներկայիս նախարարները և անգամ ՀՀԿ-ական այն անձինք, որոնց թիրախավորումն ակնհայտորեն հավելյալ հեղինակություն էր բերելու շարժմանը։ Ո՛չ, այս շարժման միակ ասելիքը «Սերժն» էր։ Իսկ ի՞նչ է առհասարակ մարմնավորում «Սերժը»։ Հարցը լեգիտիմ է այնքանով, որ քաղաքականության մեջ մարդիկ ունեն իրենց յուրահատուկ նախապատմությունն ու կոնտեքստը, արժեքային ու փիլիսոփայական մոտեցումները, համոզմունքները, որոնք էլ հենց ձևավորում են պայմանական «Սերժ»-երը կամ «Նիկոլ»-ները։ Առանց այս ամբողջ կոնտեքստի քաղաքական գործիչները՝ որպես անձ, հասարակ քաղաքացիներ են և նրանց թիրախավորելը քաղաքական զբաղմունք չէ։ Ուրեմն՝ ո՞րն է «Սերժը»։
Դատելով մեզ հասանելի բոլոր տեքստերից, ելույթներից, հատկապես՝ Սերժ Սարգսյանի իշխանակալության երկրորդ շրջանի անցքերից՝ «արհեստական բանականության» համար «Սերժը» ղարաբաղյան շարժման վերջին ինստիտուցիոնալ արտահայտությունն է, կռված ու չհանձնող, «սառեցման քաղաքականության» ճարտարապետն ու իրականացնողը, համաձայն մոդեռնիզացիայի տեսության՝ հետապնդող մոդեռնիզացիայով ազգային կապիտալի զարգացումը խրախուսողը և վերջապես՝ առկա հրամայականների պայմաններում բանակի հիմնանորոգմանը կանաչ լույս վառած ու մոդեռացնող ղեկավարը։ Անշուշտ, կան մանր ու միջին այլ չափումներ ևս, սակայն հիմնական առանցքը, որի շուրջ դառնում է «Սերժը», սա է, ու վերջինիս ուղղված հարվածները պետք է տեղավորել որպես քաղաքական այս փիլիսոփայության թիրախավորում, իսկ «արհեստական բանականությանը» փնտրել հենց այս վերջինների թուլացման «շահառուների» ծիրում։
Գ․ Հայաստանում ֆորմալ իշխանությունից հեռանում է ղարաբաղյան շարժումը։ Ինչպես նշեցի, «Սերժը» նրա վերջին կենդանի մարմնավորումն էր՝ կերպար, ում ամբողջ քաղաքական կյանքը պտտվում է Ադրբեջանից հայկական տարածքների ազատագրման և դրանց պահպանման շուրջ (այդ պայքարում հաջողության բարձրակետը 2016 թ․ ապրիլն էր ու վերջինիս «հոգեզավակ» հուլիսը)։ Ըստ որում՝ Ս․ Սարգսյանը շատ լավ էր սերտել պատերազմի տարիներից ստացած դասը, որ ՀՀ սուվերենությունն ու Արցախի ամբողջականությունը պետք է հավասարապես պաշտպանել Ադրբեջանից և «հանուրց հիւսիսականաց թշնամագոյն» պետությունից։
Վերադառնալով ղարաբաղյան շարժմանը՝ արձանագրենք, որ այն հանդիսացել է հայաստանյան բոլոր իշխանությունների և՛ աղբյուրը, և՛ լեգիտիմացման միջոցը։ Եվ հենց այստեղ է Ա կետում նշածս պարադոքսը։ Լևոն Տեր-Պետրոսյանը «պատերազմի կուսակցության» կողմից հեռացվեց իշխանությունից Արցախի հարցում սպասվող զիջումների համար։ Իսկ ի՞նչ պատճառների համար Սերժ Սարգսյանին մղեցին հրաժարականի։ Իսկ ինչպե՞ս են պատրաստվում լեգիտիմացվել հաջորդ եկողները․ չէ՞ որ իրենք էլ հստակ գիտակցում են, որ ավելի լավ ժողովուրդը չի ապրելու։ Արդյո՞ք ղարաբաղյան շարժման փիլիսոփայությունը «գենետիկորեն» կփոխանցվի իշխանության հաջորդ ներկայացուցիչ(ներ)ին։ Ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով։ Սրանք օդում կախված հարցեր են։ Միայն հավելեմ, որ այս բոլոր մտավարժանքներն իմաստ ունեն, եթե ընդունում ենք, որ ֆորմալ առումով Սերժ Սարգսյանն այլևս երբեք չի ղեկավարելու երկիրը։
Դ․ Հիմա դառնանք օրիս իրադրությանն ու շարժման «ինքնաբուխ» լինելուն հավատացող մեր հայրենակիցներին։ Սիրելինե՛րս, անշուշտ, քաղաքացիական հասարակության զարգացման ու իշխանությունների հանդեպ վերահսկողության պահպանման տեսանկյունից ձեր արածն արժեքավոր է, սակայն դրանով էլ հենց ցուցարարության էֆեկտը սահմանափակվում է։ Մնացած արարները միջկլանային խաղերի արտացոլումն են, որտեղ ժողովրդին շնորհված է «սիմվոլիկ» դեր։ Մարդու անկապտելի իրավունքն է ընտրության իրավունքը' ազնիվ քաղաքականության հիմնասյուներից մեկը։ Դուք շարժման ամբողջ ընթացքում զրկված եք եղել դրանից։ «Ես ընտրում եմ Սերժ Սարգյանին կամ ես ընտրում եմ կամայական Գերասիմ Մնացականյանին»․ սա է ընտրության իրավունք ունենալը։ Եթե Գերասիմի անունը չի տրվում, միայն ասվում է՝ «Մերժի՛ր Սերժին», ուրեմն՝ ձեզնից թաքցնում են հնարավոր «գերասիմների» անունները՝ կերակրելով ուտոպիստական միֆերով, որոնք հանգում են այն մոլորությանը, թե քաղաքականությունը ցանկալիի մասին է և ոչ իրականի ու հնարավորի։ Անկախ շարժման հետագա ծավալումից՝ մենք ավելի լավ չենք ապրելու։ Մենք ապրելու ենք ու դժգոհելու ենք այնպես, ինչպես ապրել ենք ու դժգոհել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, մենք պարբերաբար կարոտելու ենք, սիրենք, ապա նորից ատենք նախորդներին։ Մենք լավ չենք ապրելու, որովհետև փողոցը կարմիրի տակով ենք անցնում, լավ չենք ապրելու, որովհետև կեղտոտում ենք շրջակայքը, լավ չենք ապրելու, որովհետև հարցն արագ լուծելու համար, դեռ պահանջ չլսած, մաղարիչ ենք առաջարկում, լավ չենք ապրելու, որովհետև չենք սովորել կարդալ ու հարգել մեր կարծիքից տարբերվող կարծիքները, լավ չենք ապրելու, որովհետև այս բոլոր օրերի ընթացքում ոչ մի անգամ Նիկոլ Փաշինյանին հարց չտրվեց՝ իսկ հետո ի՞նչ է լինելու։ Եթե խումբն ունակ չէ իր ապագայի մասին հարցեր ձևակերպելու, ուրեմն՝ նա լավ չի ապրելու։
Միակ լուծումը կրթական համակարգերի ու հաստատությունների բարելավումը կամ այլընտրանքայինների ստեղծումն է՝ ներգրավմամբ լավագույն կադրերի ու անկախ իրենց քաղաքական անհամաձայնություններից։ Առանց կրթական համակարգի արդիականացման ոչ մի «Սերժ», ոչ մի «Կարեն», ոչ մի «Նիկոլ» չի կարող փրկել Հայաստանը դեպի «երրորդ աշխարհի» հետնապահների ցուցակ գլորվելու ճակատագրից։ Իսկ մինչ այդ (չեմ կարող չնախազգուշացնել դրա մասին) պատրաստվե՛ք ցանկացած պալատական հեղաշրջման պահարաններում հատուկ ժողովրդի համար պահված «բալասանին»՝ հիասթափությանն ու խաբվածության զգացմանը։
Ե․ Վերադառնալով «օրվա խորհրդին»։ Ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանի որոշումը միանշանակ ճիշտ էր՝ անկախ ապագայի մասին իր կամ իր թիմի պատկերացումներից ու տեսլականից։ Գնահատելով Սերժ Սարգսյանի 10-ամյա իշխանությունը՝ պետք է արձանագրել թերևս, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված տնտեսական թուլության կողքին կատարվել են ինստիտուցիոնալ զգալի բարեփոխումներ, հատկապես դատական և իրավական համակարգերում և նամանավանդ բանակաշինության գործում։ Ստեղծվել է ժողովրդավարության ու բազմաչափ հասարակության ավելի լայն ասպարեզ՝ համեմատած նախորդ շրջանների հետ։ Ցավալիորեն տրվել են կանխավ անիրատեսական ու այդպես էլ իրականություն չդարձած խոստումներ (նոր ԱԷԿ, համահայկական բանկ և այլն)։ Հաջողությամբ շարունակվել է ազատագրված տարածքների հայկական վերահսկողությունը, խափանվել է 2016 թ․ ապրիլին Ադրբեջանի դրած քաղաքական նպատակը։ Ու թերևս հենց այս վերջին կետերում է պետք փնտրել «ազգ-բանակ» հռչակած ու երկրի ինքնիշխանության առնվազն ուժային սյուներն ամրացնել շարունակող նախկին ղեկավարի հանդեպ կայսրության ջղաձգումները։
Մեջբերելով հենց Սերժ Սարգսյանի խոսքերը՝ խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն եմ մաղթում մեր երկրին։