Սիրելի՛ «Լույս»-ականներ,
Ծանոթացել եմ մի խումբ շրջանավարտների կողմից ինձ ուղղված բաց նամակին և անհրաժեշտ եմ համարում, որ անմիջապես ինձնից լսեք այդ մտահոգությունների հակիրճ արձագանքը:
Ժողովրդավարությունը Հայաստանում երբեք հետընթաց չի ապրելու։ Անցնող տարիներին ամուր ու զարգացող ժողովրդավարություն կերտելու մեր ձեռքբերումներն անշրջելի են և բարեփոխված Սահմանադրությամբ երաշխավորված:
Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ձեզ հետ քննարկելու զարգացման ուղղությամբ մեր քայլերը և ապագայի տեսլականը։ Հպարտ եմ, որ իմ լուման եմ ունեցել Ձեր մասնագիտական կայացման գործում: Հուսով եմ, որ աշխարհի լավագույն բուհերում ստացած ձեր կրթությունը ծառայեցնելու եք մեր երկրի կայուն, ապահով ու համերաշխ զարգացմանը: Ուրախալի է, որ ձեզանից շատերն այսօր, արդեն գտնվելով պետական կառավարման համակարգում, իրենց ամենօրյա որակյալ աշխատանքով նպաստում են պետականաշինության մեր գործին։
Իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով. բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը։
Իմ պատկերացումներով՝ նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ: Այդ ամենամեծ գործում մենք ապավինելու ենք նաև «Լույսի» համայնքի ներուժին։