Թավշյա հեղափոխությունը ենթադրում է կա՛մ ամբողջական իշխանափոխություն, կա՛մ իշխանությունների հետ բանակցությունների անցկացում: Առաջին դեպքում ուժային կառույցներն անցնում են ժողովրդի կողմը, և Սերժին ոչինչ չի մնում, քան հրաժարական տալը, ինչին հետևում է պատգամավորների կողմից նոր վարչապետի ընտրությունը, որը պետք է լինի ընդդիմադիր գործիչ, իսկ Նիկոլը հայտարարել է, որ պատրաստ է պատասխանատվություն կրելուն:
Սցենարը ֆանտաստիկայի ոլորտից է, սակայն նույն ոլորտից էր, օրինակ, Գավգամելայի ճակատամարտը (մ.թ.ա. 331թ.), որում 47 հազարանոց հունական բանակը Ալեքսանդր Մակեդոնացու գլխավորությամբ ԲԱՑ ԴԱՇՏՈՒՄ հաղթեց Դարեհ 3-րդի 245 հազարանոց պարսկական բանակին: Սակայն ֆանտաստիկայի ոլորտը մեր դեպքում կարող է և չկրկնվել, և այս դեպքում թավշյա հեղափոխությունը նշանակում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջնորդությամբ հեղափոխականների և Սերժի ներկայացուցիչների հանդիպում: Հասկանալի է, որ Սերժը դժվար թե մասնակցի այդ հանդիպմանը, բայց դա տվյալ դեպքում էական դեր չի խաղալու: Իսկ հանդիպման օրակարգը պետք է լինի Սերժի հրաժարականի հարցը, քանի որ շարժումը ծավալվել է հենց այդ պահանջով: Թե որքանով է իրատեսական այս սցենարը, ես ինքս դժվարանում եմ գնահատել: