Դատական այս գործն արդեն մեկ տարուց ավել է, որ շարունակվում է: Փոքրիկ Ալֆի Էվանսը՝ Լիվերպուլից, արդեն 2 տարի է՝ անգիտակից է: Բժիշկները պատրաստվում են անջատել սարքերը՝ պնդելով, որ այդպես ավելի լավ կլինի երեխայի համար:
Երեխան կոմայի մեջ է 2016թ.-ից:
Հիմա երեխան գտնվում է Լիվերպուլի մանկական հոսպիտալում։ Երեխայի մոտ զարգացել է ներվային հիվանդություն, և ուղեղը վնասվել է: Բժիշկները չեն կարողանում գտնել դրա պատճառը։
Մասնագետների խոսքերով՝ Ալֆին չի կարող ապրել: Եթե նույնիսկ շարունակի ապրել, ընդմիշտ պետք է լինի բժիշկների հսկողության տակ, անկողնուն գամված:
Երեխայի ծնողները՝ Թոմ Էվանսը և Քեյթ Ջեյմսը, վաղուց է, ինչ պայքարում են երեխայի կյանքի համար: Սկզբում պլանավորում էին նրան տեղափոխել Իտալիա: Ընթացքում գումար հավաքեցին, որպեսզի երեխային տուն տեղափոխեն, բայց բժիշկները դատարան դիմեցին, որպեսզի անջատեն սարքերը: Նրանք խոսքերով՝ բուժումը տանջում է երեխային:
Ալֆիի ծնողները դիմել են Լոնդոնի Գերագույն դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանք երկու գործերն էլ տանուլ են տվել: Չնայած Հռոմի պապի և Սպիտակ տան խնդրանքին՝ Լոնդոնի Գերագույն դատարանը կհայտարարի, թե երբ պետք է երեխային ենթարկի էֆթանազիայի:
Թոմ Էվանսը և Քեյթ Ջեյմսը չեն պատրաստվում հանձնվել: Նրանց կարծիքով՝ դատարանը հաշվի չի առել երեխայի մոտ առողջական վերջին բարելավումները:
Վերջին շրջանում երեխան ժպտում է, իսկ թարթիչները դողում են: