Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթի մասնակիցները Սարյան փողոցով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ: Ամբողջ երթի ընթացքում նրանք կոչ էին անում քաղաքացիներին միանալ իրենց, գալ հրապարակ:

«Արի հրապարակ, տե՛ր կանգնիր քո երկրին, արի հրապարակ և տեր կանգնիր քո հայրենիքին, արի հրապարակ և տեր կանգնիր քո ազատությանը»,- կոչ էին անում երթի մասնակիցները:

Ֆրանսիայի հրապարակում, որտեղ նրանց հանդիպակաց ոստիկանության պատնեշն էր, նրանք կանգ առան:

«Բոլոր այն ընկերները, ովքեր խաչմերուկներ են փակել, այս պահին թող թողնեն իրենց վայրերը և միանան մեզ Ֆրանսիայի հրապարակում: Բոլորս մեկտեղվում ենք այստեղ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանը, դիմելով քաղաքացիներին, նշեց, որ շատ-շատերն անհնար էին համարում այս ամենը, այս տեսարանը։

«Բայց այսօր դուք ցույց տվեցիք, որ Հայաստանի ժողովուրդն ազատասեր ժողովուրդ է և Հայաստանի ժողովուրդը հաղթող ժողովուրդ է: Մենք այսօր վերականգնեցինք մեր հաղթանակը, մեր արժանապատվությունը, հույսը»,- ասաց նա: