Հույզերը մի կողմ:
Բոլորը տեսան, թե ինչպես, ինչպիսի փոխադարձ բարյացկամ վերաբերմունով են հեռախոսով զրուցում Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Արդյո՞ք վերջինս կարող էր մեկ օր առաջ կամ ասենք այսօր առավոտյան նույնպես զրուցել Մարկ Գրիգորյանի հետ: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը դիմել է Մարկ Գրիգորյանին՝ իր ուզած ուղիղ եթերի համար, և Մարկն ասել է՝ ո՞չ: Չի դիմել և իհարկե մերժում էլ չի ստացել:
Բոլորը տեսան, թե ստեղծված լարված իրավիճակում ինչպիսի ինքնատիրապետմամբ է Հանրային ռադիոյի տնօրենի տեղակալ Լիլիթ Թումանյանը զրուցում ինքնագլուխ ու սադրիչ արարքով ռադիոյի շենք մտած Նիկոլ Փաշինյանի հետ: Նույն հարցը. Նիկոլ Փաշինյանը արդյո՞ք դիմել էր ավելի վաղ Լիլիթ Թումանյանին՝ ուղիղ եթերի համար, և նրան ասել էին՝ ո՞չ: Էլի՝ չէր եղել նման բան: Վստահ եմ, եթե դիմեր, այն էլ՝ ընդամենը իր մի երկու րոպեանոց հայտարարությունը կարդալու համար, մերժում չէր ստանալու:
Բայց այդպես Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր չէր. նրան պետք էր ակցիա, շոու, ով ինչպես ուզում է, թող անվանի:
Էլի՝ ով ում ուզում է համակրի, հակակրի, տանի կամ տանել չկարողանա, դնենք մի կողմ:
Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր է, պետական իշխանության մարմնի ներկայացուցիչ և... մի խումբ կողմնակիցների ուղեկցությամբ, առանց սահմանված կարգի կամ պայմանավորվածության, «նա ուռա» մտնում է զինված ոստիկնության կողմից պահպանվող շենք: Ստեղծված իրավիճակում միանգամայն հնարավոր էր, որ պահպանությունն իրականացնող ոստիկաններից որևէ մեկը զենքի դիմեր՝ իրավիճակը գնահատելով որպես հարձակում պահպանվող տարածքի վրա: Այն, որ նման ողբերգական զարգացում չի եղել, թերևս զուտ երջանիկ դիպված է: Ո՞վ էր այդ դեպքում պատասխան տալու տեղի ունեցածի ու հետևանքների համար:
Մնում եմ նույն կարծիքին՝ Նիկոլ Փաշինյանի արարքը խիստ անպատասխանատու և սադրիչ էր: Ցավոք: Որոշակի փորձություններով անցած քաղաքական գործիչը կարող էր և ավելի լրջմիտ ու պատասխանատու լինել: Այնպիսի տպավորություն է, որ որոշ բազմության առկայությունը բացասական է անդրադառնում նշված քաղաքական գործչի՝ իրավիճակը համարժեք գնահատելու ունակության վրա: