Ոչ մի բան էլ չի լինելու: Իրեն ընդդիմադիր համարող զանգվածի ինտելեկտի ամենաստորին աստիճանի վրա գտնվող մասան է հավաքվելու: Ընդ որում՝ ԵԼՔ-ի ստացած քվեների կեսի չափ էլ մարդ չի լինելու: Կեսի կեսի չափ էլ չի լինի: Կեսի կեսի կեսի չափ էլ: Լինելու ա ոչ մի բան, որի արդյունքում Նիկոլը բարոյական հաղթանակ է տանելու: Էդ 20-30 հոգին գնալու են տներով, գրեն, որ նրանք գոնե փորձեցին, գոնե քայլ արեցին: Իրենց ներկայացնելու են որպես սկզբունքային նահատակների ու բուն հայկական մելամաղձոտ դեմքով ակնարկելու են, որ բարոյական հաղթանակ են տոնել:
Ընդ որում՝ ասեմ ձեզ՝ տոնելու են: ՀՀ բնակչությունը սիրում է հեքիաթներ ու առասպելներ և, ըստ այդմ, սիրում է բարոյական հաղթանակներ: Իսկ անձամբ Նիկոլը բարոյական հաղթանակը տրանսֆորմացնելու է շատ իրական հաղթանակի Էդմոն Մարուքյանի հանդեպ: Նա հետ է գնալու ԱԺ: ՔՊ-ն ու ԼՀ-ն էլի ձև են անելու, որ իրար սիրում են, բայց բնակչության ստորին զանգվածի աչքերում Նիկոլն ինքնազոհողության գնացող հերոս է լինելու, իսկ Էդմոնը՝ առնվազն վախկոտ: Այդ զանգվածին չեն հետաքրքրելու ռեալ արդյունքները, կարևորը հուզական կողմն է:
Բոլոր հնարավոր հարցադրումների պատասխանները Փաշինյանը նախապես պատրաստել է: Նա բազմաթիվ անգամ ասել է, որ կհաղթի, եթե մարդ հավաքվի: Թիվն էլ է ասել: Ընդ որում՝ նենց թիվ, որ հաստատ չի լինելու 50,000: Ասելու է՝ դե մարդ չեկավ: Ու մարդիկ չեն հիշելու, որ նա խոստացել էր պարտության չտանել, էքսկուրսիաներ չանել, թիմ-ծրագիր-ինստիտուտ ստեղծել: Մարդիկ հիշելու են իր անթրաշ, չարչարված դեմքը: 2022-ի ընտրությունների շեմին էլի մի տենց բան կկազմակերպի, որ թարմացնի մարդկանց հիշողությունները: Ու եթե էս ընտրություններում ՔՊ-ն մոտ 50 հազար քվե էր ստացել, մյուսում մի 65 հազար կստանա ու ավելի հավանական կլինի, որ միայնակ կկարողանան անցնեն ԱԺ:
Նիկոլին մեղադրելն էլ է դժվար։ Քաղաքական տեսանկյունից թիմ-ծրագիր-ինստիտուտի պահանջարկը չկա: Մարդիկ դա չեն ուզում, մարդիկ հերոս են ուզում: Նա ընտրել է իր համար չարյաց փոքրագույնը, իր համար փոքրագույնը, որը, սակայն, պետությանը ահագին օգուտ կտա: Նախ՝ նա հերթական անգամ լեգիտիմացնելու է քաղաքական համակարգը: Հերթական անգամ անբովանդակ ակծիվիստների, գրանտակերների, քաղաքական դիակների ու իրավապաշտպան տեռորիստների սնանկությունն է ի ցույց դրվելու: Էդ խավին պետք է այնքան տանես ծովը, ծարավ հետ բերես, մինչև հանգչեն խաղաղությամբ: Փաստացի ֆիքսվելու է, որ, մի քանի մարգինալից զատ, ՀՀԿ-ի դեմ պայքարելու ցանկություն ունեցող չկա:
Իմ ցավն այն է, որ այս ռազմավարությունը լավ է կարճաժամկետ պարագայում: Հա, մի քանի տարի կլինի ստաբիլ իրավիճակ, բայց եթե էս քաղաքական պոռնոն շարունակվի, ռեալ քաղաքական դիսկուրս չի ծնվի, իսկ քանի դեռ այն չի ծնվել, չեն լինելու բարեփոխումներ: Էդ 2030-ի ծրագիրն ակնհայտ ցույց է տալիս, որ իշխանությունը գաղափար չունի, թե ինչ է անելու հեռանկարում: Իսկ գաղափար չունեն, քանի որ ամեն կերպ չեզոքացնում են նորմալ ընդդիմության կայանալու քայլերը՝ դաշտը միտումնավոր թողնելով անշառ հերոսներին: