Թուրքիան հայտարարել է, որ սատարում է ԱՄՆ-ին, և որ Ասադն անհապաղ պետք է հեռանա իշխանությունից: Չավուշօղլուն Ասադին մեղադրել է 1 մլն մարդու սպանելու մեջ: Թուրքիայի այս դիրքորոշումը, կարծում եմ, անակնկալ չպետք է լիներ ՌԴ-ի և Իրանի համար: Թուրքիան վերջին շրջանում կարծես թե մեղմել էր իր այս դիրքորոշումը, հարաբերությունները բարելավել էր ՌԴ-ի և Իրանի հետ, ովքեր հանդիսանում են Ասադի, այսպես ասած, հովանավորները: Թուրքիան Սիրիայում իր ռազմական գործողություններն իրականացնում էր ոչ թե Ասադի ռեժիմի տապալման դեմ, այլ տեղաբնակ քրդերի դեմ՝ պատճառաբանելով, որ նրանք վտանգ են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգությանը:

 

Նա ռազմական գործողություններ էր իրականացնում այն քրդերի դեմ, ովքեր ունեին ԱՄՆ-ի ակտիվ աջակցությունը և ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարում հենց այս քրդական ուժերին, մասնավորապես՝ YPG-ին, որին Թուրքիան համարում է ահաբեկչական կառույց, համարում է Սիրիայում իր հավատարիմ դաշնակիցը: Այսինքն՝ Թուրքիան տևական ժամանակ իրականացնում էր հակաամերիկյան քաղաքականություն: Էրդողանը մեկ օրում Անկարայում ընդունեց ՌԴ-ի և Իրանի առաջնորդներին, քննարկեցին ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր:
Սակայն Թուրքիան կարծես թե կրկին փոխեց արտաքին քաղաքականության կուրսը և նորից հիշեց իր դաշնակիցների (ՌԴ, Իրան) դաշնակցին և ողջունեց ԱՄՆ-ի դիրքորոշումը, այն է՝ ռազմական ճանապարհով Ասադին հեռացնել իշխանությունից: Ավելին՝ Թուրքիան ԱԳ նախարարի մակարդակով հայտնեց, որ կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին:

 

Այս ընդհանուր ֆոնի վրա, արդեն ապրիլի 11-ի երեկոյից սկսած, Թուրքիան անցել է Սիրիայի հետ սահմանի պահպանման խստացված ռեժիմի, նախկինում կառուցված, բայց վերջին շրջանում թուրքական ուժերի կողմից քանդված սահմանային պատերն են սկսել նորից վերականգնել: Սա նշանակում է, որ Թուրքիան կա՛մ վախենում է և «գծում է» իր սահմանները, կա՛մ էլ պատրաստվում է նոր մարտի: