Հայաստանում այսօր տեղի ունեցավ մեր երկրի համար առանցքային և պետական ճանապարհի համար ճակատագրական գործողություն: Փոխվեց նախագահի անունը, ինչը ցանկացած երկրի ու հասարակության համար շարժիչ ուժ է: Գործող անձանց ու անունների փոփոխությունը նոր տեմպ է հաղորդում երկրի քաղաքացիներին ու նրանց գործողություններին, եթե նույնիսկ բոլորը գիտեն, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում:
Արմեն Սարգսյանի անձը նրա անցած ուղու և ինտելեկտուալ կարողությունների առումով միայն համակրանք է առաջացնում: Այդ մարդը վարկաբեկված չէ, գիտության ակտիվ ներկայացուցիչ է, ունի հարուստ փորձ դիվանագիտության և պրակտիկ քաղաքականության ոլորտում: Զրուցել եմ մի շարք հեղինակավոր վետերան դիվանագետների հետ. չկա մեկը, որ թվարկի Արմեն Սարգսյանի մասնագիտական գործունեության գոնե մեկ սև բիծ: Բնականաբար, չեմ կարծում, որ նա անսխալական է, սակայն գաղափարական մարդուն պետք է օգնել՝ կայացնելու պետականության հիմնական խորհրդանիշները, անգամ եթե նախագահի պաշտոնը այսուհետ մեծ դեր չի խաղալու երկրի կառավարման գործում: Նախագահն, այնուամենայնիվ, մնում է երկրի թիվ մեկ դեմքը. եկեք հարգենք մեր պետականությունը: