«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնությանն  այսօր` ապրիլի 8-ին, միացավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ իր թիմակիցների հետ: Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից:

Նշենք, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակի հասնող աջակիցներով շարունակում է քայլարշավը: Նրանք «Մերժիր Սերժին» գրությամբ թռուցիկներ են բաժանում մայրուղով անցնող մեքենաների վարորդներին:

 

«Իմ քայլը» նախաձեռնությանը միացել է նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Քայլերթը մարտի 31-ին, Գյումրիից, Նիկոլ Փաշինյանը մենակ սկսեց, սակայն ընթացքում նրան էին միանում իր թիմակիցները: Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում են քայլել շուրջ 200 կմ, որը կավարտեն Երեւանի Ազատության հրապարակում, ապրիլի 13-ին՝ ժամը 18.30-ին: Ընդհանուր առմամբ, քայլերթը կշարունակվի 14 օր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն իրենց առջեւ խնդիր են դրել անցնել Հայաստանի խոշորագույն քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Աբովյանով, Հրազդանով:

«Մեր այս քայլը քայլ է ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի, ՀՀԿ-ի եւ քայլ է հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի: Այս ակցիայով խնդիր ունենք որոշակի վստահություն, հավատ ներշնչենք ՀՀ քաղաքացիների ուժերի նկատմամբ, որ նրանք կարող են դուրս գալ հրապարակ եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանին՝ գալ իշխանության»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: