Մենք ցանկանում են պատրաստել ադրբեջանցի սպաների ու Բաքվին պակիստանյան արտադրության զենք մատակարարել։ Պակիստանը կարող է առաջարկել JF 17 կործանիչներ և Al Khalid տանկեր։ Այդ մասին հայտարարել է Պակիստանի հետախուզության նախկին պետ Ջավեդ Աշրաֆ Կազին։
Նա նշել է, որ Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ այդպիսի ռազմավարական զինատեսակների գնում։
Ըտս նրա, Իսլամաբադը նաև աջակցում է Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտությունում։
Պակիստանը միջուկային տերություն հանդիսանալով բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի թե տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար՝ նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:
Հիշեցնենք, որ պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի (Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը հայտարարել էր, որ Պակիստանը պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով:
Նա նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա:Ըստ նրա, JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով:
Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով: Պակիստանցի բարձրաստիճան զինվորականը չի բացառել նաև Բաքվին որոշակի տեխնոլոգիաների փոխանցման հնարավորությունը՝դա կարող է կապված լինել այդ կործանիչների տեխսպասարկման ու հրթիռային տեխնոլոգիաների հետ: Այսպիսով, Պակիստանը կարող է դառնալ «երկրորդ Իսրայելը» Բաքվի համար՝ռազմա-տեխնիկական համագործակցության ու զենքերի գնման առումով:
Չմոռանանք, որ Իսլամաբադը ղարաբաղյան հարցում որդեգրել է վառ ադրբեջանամետ դիրքորոշում, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել ՀՀ-ի հետ ու միջազգային տարբեր հարթակներում քվեարկում է Բաքվի օգտին:
Տնտեսական համագործակցության առումով Ադրբեջանը ցանկանում է հավասարակշռել իր առևտրա-տնտեսական կապերը Թուրքիայի հետ'սուննի մեկ այլ պետության, միջուկային տերություն Պակիստանի հետ խորացնելով կապերը։ Ադրբեջանը կարող է առաջարկել իր նավթագազային հանքավայրերը պակիստանյան ընկերություններին, ինչպես նաև ռազմական արտադրանքի գնորդներից մեկը դառնալ Իսլամաբադի համար' Թուրքիային, ՌԴ-ին, Իսրայելին զուգահեռ։
Պակիստանյան գրեթե 200 միլիոնանոց շուկան էլ կարող է դառնալ ադրբեջանական ցանկացած արտադրանքի համար սպառնման շուկա'անգամ փոքր խմբաքանակի ապրանքերի վաճառքը կարող է էականորեն ազդել նավթի գների անկում, ԿԲ-ի պահուստների նվազում ու մանաթի արժեզրկում «տեսած» ադրբեջանական բյուջեի համալրման վրա։
Պակիստանը կարող է ադրբեջանական շուկա դուրս գալ Իրանի տարածքով'շուտով կյանքի է կոչվելու Ադրբեջան–Իրան երկաթգիծը, որը միանալու է Իրան–Պակիստան երկաթգծին։ Բացի այդ, Պակիստանը կարող է հետաքրքրված լինել նաև Տրանսկասպյան միջանցքով'Թուրքմենստանի, Ղազախստանի միջոցով Բաքվի նավահանգստով Կովկաս, Սևծովյան շուկաներ ու Թուրքիա դուրս գալու միտումով։