Ասում են՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ի կատար է ածել «Սիրիական դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) ներկայացուցիչներին տված խոստումը և Սիրիա է ուղարկել ֆրանսիական հատուկջոկատայինների միավորում, որը տեղակայվել է քրդական ուժերի կողմից վերահսկվող Թալ Աբյադ և Մանբիջ քաղաքներում. ֆրանսիացի զինծառայողների թվաքանակի մասին հստակ տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել: Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ Սիրիայի վերոնշյալ հատվածում տեղակայված ամերիկացի զինծառայողները լքել են իրենց զբաղեցրած դիրքերը:
Այսուհանդերձ, նշված տեղեկատվությունը դեռևս որևէ կերպ չի կարելի դիտարկել որպես Սիրիայում Ֆրանսիայի դերակատարության ակտիվացում՝ անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան ուժերն այդ երկրից մոտ ապագայում դուրս բերելու ֆոնին, քանի որ զուգահեռաբար նույն Մանբիջում ամերիկյան ԶՈւ-ի կողմից կառուցվում են միաժամանակ 2 ռազմաբազաներ: Իսկ ֆրանսիացի զինծառայողների տեղակայումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ոչ թե առանձին, այլ նույն ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիոն ուժերի ներքո:
Իսկ, ընդհանուր առմամբ, ամերիկյան ԶՈւ-ի դուրսբերումը Սիրիայից, բնականաբար, որոշակի քաղաքական սակարկությունների պայմաններում, բավական լուրջ նախադրյալներ կարող է ստեղծել սիրիական հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար: