Ավելի քան մեկ շաբաթ է Ջավախքի Ախալցխա քաղաքի հայկական դպրոցի շուրջ չեն հանդարտվում կրքերը, խնդիրը առաջացել է Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցի նորանշանակ տնօրեն Սուսաննա Ակոպովայի հայտարարությունից հետո:
Նա հայտարարել է որ, երեխաները կամաց-կամաց պետք է մոռանան Հայոց Ցեղասպանության թեման, քանի որ այն տեղի ունեցել 1 դար առաջ, իսկ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցածը կարիք չկա հիշելու․«թող երեխաները դուրս գան այդ տխուր թեմայից, չհիշեն, որ Ցեղասպանություն է եղել»,-ասել է նա։
Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և դպրոցի տնօրենը պատրաստվում է այն իրագործելը, ապա սա հեղի է անկանխատեսելի հետևանքներով, քանզի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Ջավախքում օրեցօր մեծ թափ ստացող թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին ջուր լցնել:
Ջավախքում գործող հայկական հասարակական կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված հայազգի ներկայացուցիչները և Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորները պետք է օր առաջ պարզեն այս զազրելի և հակայ հայտարարության իսկությունը և առաջարկեն դպրոցի տնօրենին և ուսուցչական կոլեկտիվին, որ ապրիլի 24-ին կազմակերպեն ու հավուր պատշաճի դպրոցի դահլիճում անցկացնեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառումը՝ թատերական բեմականացումներով, դատապարտող ելույթներով, ճանաչման պահանջներով… ինչպես կազմակերպել և անցկացրել են նախորդ տարիներին՝ անկախ Վրաստանի բոլոր իշխանությունների ժամանակ։