Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ազդեցության տակ գործող հեղինակավոր կայքերից մեկը հանդես է եկել մի հրապարակմամբ, որտեղ ոչ միանշանակ են ընդունվում և ներկայացվում Թուրքիա-Իրան հարաբերությունների ներկա մակարդակը և դեպի ջերմացում գնալը։
Մասնավորապես նշվել է, որ Թուրքիան այժմ մեծ ներկայություն ունի մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող ջրային տարածքներում, ինչպիսիք են Սև, Միջերկրական, Մարմարա և Էգեյան ծովերը, և ցանկություն ունի իր ազդեցությունը տարածել նաև տարածաշրջանային կարևորություն ունեցող ծովերից նաև Պարսից ծոցում ու Կարմիր ծովում։
Կարմիր ծովում Թուրքիան փորձում է ակտիվանալ Սուդանում գտնվող Սավակին (Սուակին) ռազմաբազայի շնորհիվ, որը վերջերս է 99 տարով վարձակալել։
Պարսից ծոցում Թուրքիան իր ներկայությունն ապահովում է Կատարի ռազմաբազայի շնորհիվ։
Իրանում կարծում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի հետ մեկտեղ չպետք է թուլացնել զգոնությունը, քանի որ հատկապես Պարսից ծոցում Թուրքիայի ակտիվությունը հիմնականում ուղղված է Իրանի դեմ, և Թուրքիան իր քայլերն անում է՝ հաշվի առնելով Իրանի հետ մրցակցությունը։
Հատկանշական է, որ հոդվածը հրապարակվում է այն ժամանակ, երբ ԻԻՀ նախագահ Հ․ Ռուհանին պատրաստվում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու Սիրիայի հարցով եռակողմ՝ ԻԻՀ-ՌԴ-ԹՀ բանակցություններին։
Բացի այդ՝ սա նաև պահպանողական ճամբարից մեսիջ կարող է լինել Հ․ Ռուհանիին և վերջինիս վարած արտաքին քաղաքականությանը, մանավանդ եթե հիշենք, որ վերջերս Իրանի հեղինակավոր պարբերականներից մեկը դժգոհություն էր հայտնել նաև Իրանի՝ Ադրբեջանի հանդեպ վարած քաղաքականության նկատմամբ։