Ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ բազմաթիվ խոսքեր հնչեցին, սակայն դրանցից ամենակարևորն, ըստ իս, երեկ Եռաբլուրում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի բարձրաձայնած շատ կարևոր միտքն էր առ այն, որ մեր պայքարը ո՛չ սկսվում է, ո՛չ էլ՝ ավարտվում Արցախով։
Կասկած չկա, որ ցանկացած պատերազմում վերջնարդյունքում հաղթում են ոչ թե բանակները, այլ ազգերը և նրանց կերտած պետություններն իրենց ամբողջության մեջ։ Հետևաբար մեր բոլոր՝ այդ թվում Արցախում, հաղթանակների գրավականը մեր ամուր պետականությունն է, որը պետք է խարսխված լինի հզոր քաղաքական, գաղափարական և տնտեսական հիմքի վրա։
Ըստ այդմ, որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, նաև Արցախում վերջնական հաղթանակը պայմանավորված է ոչ միայն բանակում արդիական սպառազինությունների առկայությամբ, այլ նաև պայքարով կաշառառության դեմ, պայքարով լավագույն կրթական համակարգ ստեղծելու համար, պայքարով ամենառաջադեմ առողջապահություն ունենալու նպատակով, պայքարով ամենաարդյունավետ գյուղատնտեսություն զարգացնելու ուղղությամբ, պայքարով մեր տարածաշրջանում ցանկացած ոլորտում Հայաստանի համար առաջնային դիրքեր ապահովելու տեսլականին հասնելու վերջնական երազանքով։
Հետևաբար մեր Հայրենիքի անվտանգության համար հավերժությանը միացած բոլոր հերոսների հիշատակը վառ պահելու ամենաարդյունավետ ուղին անցնում է հզոր Հայաստան կերտելու նպատակով բոլոր ասպարեզներում ամեն օր մղվող և մղվելիք սրբազան պայքարով։